Լուսինե Գրիգորյան (Երևանի Արգիշտի Առաջին արքայի անվան թիվ 61 հիմնական դպրոցի տնօրեն) - Մուտքի մոտ ախտահանիչ նյութերի սարքերը տեղադրված են, այս կողմն էլ է տեղադրված և էնտեղ անմիջապես մուտքի մոտ, որ երեխաները դպրոց մտնեն, կարողանան օգտվել:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ բոլոր դպոցներում նախապատրաստական աշխատանքներ են: Թիվ 61 դպրոցի տնօրենի խոսքով՝ առանձնակի ուշադրություն է դարձվում հիգիենային: Գործադիրից դեռ հրահանգներ չեն ստացել, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ են ցանկացած միջոցառում իրականացնել, միայն թե դասապրոցեսը չտուժի, ու համավարակը տարածում չստանա:
Լուսինե Գրիգորյան - Առաջին դասարանը մենք արդեն նախապատրաստել ենք, որ սեպտեմբերի 1-ին ընդունենք մեր առաջինցիներին: Ճիշտ է, այս պահին նախարարությունից ուղղված բան չկա, որ սահմանափակումներ պետք է լինեն, բայց մենք փորձում ենք այդ ամենը ապահովենք, այստեղ ունենք ալկոգելեր, այնտեղ ուսուցչուհու սեղանին ևս, նույնիսկ պահեստավորված ունենք:
Իսկ կորոնապատկերի վրա նոր ուսումնական տարի ինչ հետևանք կարող է ունենալ:
Ներսես Գրիգորյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի բժիշկ-համաճարակաբան) - Սպասվում է, որ հնարավոր է՝ ուսումնական տարվա սկզբի հետ կապված ունենանք բարձրացում՝ շփումների մեծացման հետ, կենտրոնը ամենօրյա վերլուծություն է անում, և անհրաժեշտության դեպքում կներկայացվեն առաջարկներ սահմանափակումներ մտցնելու հետ կապված, եթե անհրաժեշտություն լինի:
ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալի խոսքով՝ չի բացառվում, նույնիսկ կանխատեսվում է, որ առաջիկայում շփումները մեծանալուն զուգահեռ հիվանդությունն ակտիվանա: Կանխարգելման միակ տարբերակը, ըստ մասնագետների՝ պատվաստումն է, հատկապես բուստեր դեղաչափով:
Գայանե Սահակյան - 10 օր մենք ժամանակ ունենք, որ եթե հիմնականում պատկանում են ռիսկի խմբերին, դիմեն պոլիկլինիկա ու ստանան խթանիչ դեղաչափը: Պատվաստումից մենք վատ հետևանքներ չենք ունեցել, 2 միլիոնից ավելի պատվաստում ենք արել, ընդամենը պետք է մեկ դեղաչափով օգնեն օրգանիզմին:
Գայանե Սահակյանի գնահատմամբ՝ ներկայում պատվաստումների գործընթացը բավականին դանդաղ է: Եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում օրական միջինը պատվաստվում էր 20-25 հազար քաղաքացի, հիմա առավելագույնը պատվաստվում է 650-700 մարդ: Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 մլն 243 հազարից ավելի է: Առաջին դեղաչափ ստացել է չափահաս բնակչության 46 տոկոսը, երկրորդ դեղաչափ՝ 41 տոկոսը, իսկ խթանիչ դեղաչափ՝ մոտ 4 տոկոսը:
Գայանե Սահակյան - Մենք հիմնականում էս տոկոսներին հասել ենք անցած տարի մինչև նոյեմբեր, դա նշանակում է, որ նոյեմբերից մինչև այսօր 1-2 տոկոս ենք ավելացրել, սա շատ վատ ցուցանիշ է այն առումով, որ բավականին երկար ժամանակ է անցել, ու ապացուցողական բժշկությունը փաստեր ունի, որ եթե 6 ամիս անցնում է դեղաչափից, այլևս ի վիճակի չէ դիմակայելու վիրուսի գրոհին ու դառնում է խոցելի, անկախ նրանից, որ երկու դեղաչափ ունի:
Մասնագետները ևս մեկ անգամ հիշեցնում են՝ ուսումնական տարվան զուգահեռ համաճարակը կարող է թակել յուրաքանչյուրի դուռը: Հայաստանը արդեն մեկ ամիս՝ կարմիր գոտում է, ինչը նշանակում է, որ պետք է պահպանել հակահամաճարակային կանոններն ու առաջին հերթին՝ պատվաստվել: