2018-ին Սարոյանի հոբելյանի առիթով «Անտարես» հրատարակչության սկսած սարոյանական թարգմանական մատենաշարն այսօր արդեն տպավորիչ բազմազանություն է առաջարկում հայ ընթերցողին: Մատենաշարի մտահղացման հեղինակ, թարգմանիչ, խմբագիր Զավեն Բոյաջյանը նշում է՝ Սարոյանի ժառանգության հայերենացման ամբողջացման գաղափարը իր վաղեմի ցանկությունն է, քանի որ գրողի ահռելի ժառանգության մեջ շատ են խոհափիլիսոփայական արձակ և դրամատիկական այն ստեղծագործությունները, որոնք առայսօր չկան հայերեն: Վերջին թարգմանական և հրատարակչական նորույթներից է «Ռոք Վագրամ» վեպը, որը թարգմանիչն առանձնահատուկ գործ է համարում նրա ստեղծագործության մեջ: Այս գրքում հանդիպում է սպասվում բարի հսկայի կարծրատիպից դուրս Սարոյանի հետ:
Զավեն Բոյաջյան («Սարոյան» մատենաշարի մտահղացման հեղինակ, թարգմանիչ, խմբագիր) - Այս գիրքը փշրում է ընդունված կարծրատիպը, և Սարոյանն այստեղ չի վախենում տրտում, հուսահատ ու հոռետես լինել:
Անտարեսյան մատենաշարը հրատարակում է նաև նախկինում լույս տեսած թարգմանությունների նոր, վերանայված, վերախմբագրված տարբերակները: Լեզվական իրողությունների փոփոխությունները, հին հրատարակությունների տպագրական վրիպակներն ու թերությունները շտկելու առիթը թարգմանչին հնարավորություն են տվել վերախմբագրել Սարոյանի դրամատուրգիայի մի քանի պիեսներ:
Զավեն Բոյաջյան - Հիմա իմ գլխավոր խնդիրը Սարոյանին հնարավորինս հարազատ մնալն է:
Սարոյանի բեղուն գրիչը մեծարժեք ահռելի գրականություն է ստեղծել, որից շատ կարևոր գործեր անտիպ են առայսօր: Բայց այն, ինչ հրատարակվել է, Բոյաջյանի գնահատմամբ՝ դեռ կիսով չափ է թարգմանվել հայերեն: Ըստ այդմ՝ մատենաշարի խմբագիրը նախատեսում է տարին 1-2 գրքով լրացնել այդ մեծ բացը: Հիշատակում է «Գեղեցիկ մարդիկ», «Գետնուղու կրկեսը», «Սիրո հին, անուշ երգը» ստեղծագործությունները, որոնք ընդհանրապես չեն թարգմանվել հայերեն: Սարոյանական մատենաշարը հատկապես ընթերցողների նոր սերնդի համար վերաբացահայտեց մեծ գրողին:
Զավեն Բոյաջյան - Կային գործեր, որ ասես ստվերում էին մնացել և հիմա կենդանություն առան, և Սարոյանը ընթերցողական վերածնունդ ապրեց:
Զավեն Բոյաջյանը փաստում է՝ վաղուց ժամանակն է, որ մեր թարգմանչական հետաքրքրությունը Սարոյանի հանդեպ նոր փուլ թևակոխի, և յուրաքանչյուր նոր սերունդ կարող է իր համար նոր Սարոյան բացահայտել՝ բոլոր ժամանակների համար: