Դատարանը քննում է Միքայել Արզումանյանի խափանման միջոցի միջնորդությունը: Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը մեղադրվում է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Նախաքննական ցուցմունքում Արզումանյանը չի ընդունել մեղադրանքը:
«Մեր զորքը ստիպված տեղակայվել է, զեկուցել, որ աջակողմյան հատվածը բաց է, հակառակորդը կարող է ներթափանցել, գալ, Շուշի-Ստեփանակերտ մայրուղին: Անձը գործողություններ չի ձեռնարկել՝ ունենալով իր ենթակայության տակ խնդրի կատարման պատրաստ ստորաբաժանումներ». Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետը ներկայացնում է մանրամասներ, թե ինչպես է հակառակորդին հաջողվել ճեղքել Շուշիի պաշտպանությունը, վերահսկողության տակ վերցնել բերդաքաղաքը, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել է զոհեր և վիրավորներ: Այդ փաստերը դրվել են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին ներկայացված մեղադրանքի հիմքում:
Ռաֆայել Վարդանյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ) - Նախաքննական մարմինը իրականացրել է մեծածավալ քննչական, վարութային գործողություններ` Շուշիի պաշտպանողական օպերացիայում ներգրավված բոլոր ստորաբաժանումների գործողությունների վերաբերյալ:
Մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննություններ, այլ փաստական տվյալներ կան, ապացույցներ:
Միքայել Արզումանյանը Պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել 2020-ի հոկտեմբերի 27-ին՝ փոխարինելով Ջալալ Հարությունյանին՝ մարտական դիրքում նրա վիրավորվելուց հետո: Արզումանյանը մեղադրվում է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Պարզվել է՝ Շուշիի, հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահվող հատվածներում չի հանձնարարվել ստորաբաժանումներ տեղակայել՝ չնայած ստորաբաժանման ղեկավարի՝ հակառակորդի ներթափանցման վտանգի մասին տեղեկացմանը:
Նոյեմբերի 2-ին հակառակորդին հաջողվել է, աջ թևից շրջանցելով, մոտենալ Լիսագոր-Շուշի ավտոմայրուղուն: Զեկուցվել է նաև այդ հատվածով շրջանցման մասին, բայց միջոցներ չեն ձեռնարկվել:
Արշակ Մարտիրոսյան (ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ) - Նշված բարձրաստիճան անձը չի ապահովել պատշաճ անհրաժեշտ պաշտպանություն Լիսագոր-Շուշի մայրուղու ուղղությամբ, որպիսի պայմաններում հակառակորդին հաջողվել է մոտենալ մատույցներին: Ընդ որում՝ նա տրամադրության տակ ունեցել է մարտական գործողություններին պատրաստ ստորաբաժանումներ: Խոսքը առանձին համահավաք վաշտի, երկու առանձին գումարտակների՝ 300-ից ավելի զինծառայողների մասին է:
Հետագա պաշտպանական գործընթացներում այդ ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ. տեղակայվել արդեն իսկ հակառակորդի զբաղեցրած տարածքներում: Տեղակայվելուց անմիջապես հետո հայտնվելով շրջափակման վտանգի մեջ՝ այդ ստորաբաժանումները պաշտպանության փոխարեն անցել են ինքնապաշտպանության:
Ռաֆայել Վարդանյան - Տվյալ ժամանակահատվածում ենթակայության տակ առկա և մարտական խնդիր կատարելու պատրաստ են եղել մոտ 1000 զինծառայողից բաղկացած առանձին ստորաբաժանումներ՝ զորահավաքային ռեսուրսը չհաշված: Անձը տեղյակ է եղել ստորաբաժանումների առկայության մասին:
Բարձրաստիճան զինվորական պաշտոնյան, ըստ իրավապահների, չի ապահովել զորքի միանձնյա ղեկավարման սկզբունքը: Տեղում պաշտպանություն կազմակերպող հրամանատարները փոխվել են, նրանք չեն հասցրել ծանոթանալ իրադրությանը:
Ադրբեջանական ուժերը շրջանցել են Շուշի-Լիսագոր ճանապարհը, մոտեցել Իսահակի Աղբյուր կոչվող տեղանքին: Նոյեմբերի 5-ին առանձին խմբերի հաջողվել է ներթափանցել Շուշի: Մինչդեռ մինչև նոյեմբերի 6-ը, իրադրությունը ներկայացվել է վերահսկելի:
Ռաֆայել Վարդանյան - Եվ արդեն նոյեմբերի 7-ին հակառակորդը վերջնականապես տիրել է Շուշի քաղաքին:
Շուշիի պաշտպանությանը հայկական զինուժի գործողությունների իրավաչափությունը քննվում է առանձին քրեական վարույթով: Դատախազ Մարտիրոսյանի խոսքով՝ առանձին դրվագներով քրգործերով քննության առարկա են ստորին օղակից մինչև հրամանատարական կազմի ներկայացուցիչների գործողություններ: Շուշիի պաշտպանության մասով քննվում է ոչ միայն հոկտեմբերի 30-ից հետո, այլև նախորդող ժամանակահատվածում կատարված գործողությունների իրավաչափությունը:
Արշակ Մարտիրոսյան - Դատախազությունը որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողության մարմին, նախաքննական մարմինը իր լիազորություններով ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումները` ոչ միայն Շուշիի, պատերազմի տարբեր բնակավայրերում պաշտպանությունների ենթադրյալ ձախողման պատճառները պարզելու, մեղավորներին պարզելու, քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Նախաքննական ցուցմունքում Միքայել Արզումանյանը չի ընդունել մեղադրանքը: Ըստ նրա պաշտպան Երեմ Սարգսյանի՝ Արզումանյանին հարցաքննության կանչելու ծանուցագիր չի հանձնվել: Շուշիի պաշտպանության գործով այս պահին մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի միայն Միքայել Արզումանյանը: