Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է 2022-2023 թթ. ուսումնական տարվա «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը։
Համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար ՊԱՀՀ-ում մշակված մագիստրոսական ծրագրի նպատակն է պաշտպանական-անվտանգային հետազոտությունների արդյունքների կիրառմամբ ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության զարգացումը:
Կրթական ծրագիրը միտված է ուսումնառողներին պետական, ռազմական ու ռազմավարական կառավարման, ռազմական ռազմավարության, միջազգային, տարածաշրջանային, ազգային, ինչպես նաև ռազմատնտեսական անվտանգության, ռազմավարական առաջնորդության, ռազմավարական պլանավորման վերաբերյալ համալիր գիտելիքների փոխանցմանը, ռազմագիտական ու վերլուծական կարողությունների զարգացմանը և մասնագիտական գործունեության ոլորտում կիրառման հմտությունների կատարելագործմանը:
ՊԱՀՀ պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է կրթական ծրագրի մասնակիցներին ուսումնական գործընթացի մեկնարկի առթիվ, մաղթել հաջողություններ ուսումնառության ընթացքում: