Չորեքշաբթի առավոտյան Reuters-ը հայտնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Կիևից շարժվել է Զապորոժիեի ատոմակայան։ Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հաստատել է, որ առաքելությունը կայանի ճանապարհին է:
«Այնտեղ մենք շատ կարևոր խնդիր ունենք՝ գնահատել տիրող իրական իրավիճակը և օգնել այն կայունացնելու»,- ասել է նա։
Լրագրողների հետ զրույցում պաշտոնյան հավելել է, որ առաքելությունը կարողացել է կողմերից երաշխիքներ ստանալ և նախատեսում է «մի քանի օր» անցկացնել տեղում։
Գրոսսին նաև նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ծրագրում է մշտական առաքելություն կազմակերպել Զապորոժիեի ԱԷԿ-ում:
Պատվիրակության կազմում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քարտուղարության մոտավորապես մեկուկես տասնյակ աշխատակիցներ, որոնք զբաղվում են միջուկային անվտանգության հարցերով։ Ատոմակայան նրանց ուղեկցում է ՄԱԿ-ի ներկայացուցիչների թիմը: