Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» գործողությունների ծրագիր մշակելու նպատակով քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» աշխատանքային գործընթացները համակարգող խումբը, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության համակարգող Լիլյա Աֆրիկյանը, ինչպես նաև 202 2թ. հուլիսի 26-ից օգոստոսի 12-ը տեղադրված հայտարարությունից հետո առաջարկներ ներկայացրած քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ և այլ ակտիվ քաղաքացիներ:
Հանդիպման ընթացքում աշխույժ քննարկում է ծավալվել Երևանի քաղաքապետարանի՝ համայնքային ծառայողների բարեվարքության համակարգի ներդրման, պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության ծավալի մեծացման, գործունեության թափանցիկության բարձրացման, քաղաքային աղբի հավաքման, տեսակավորման ու վերամշակման առաջարկների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թ. սեպտեմբերի 15-ը, որից հետո նախատեսվում է ամփոփել երկու փուլով ներկայացված բոլոր առաջարկները:
Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» գործողությունների ծրագրում կներառվեն այն առաջարկները, որոնք համապատասխանում են հայտարարությամբ նախանշված առաջնահերթություններին, ինչպես նաև բաց կառավարման գործընկերության սկզբունքներին (այն է՝ թափանցիկություն, հաշվետվողականություն, մասնակցություն, նորարարություն):