Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար-հունիսին կազմել է 307.7 մլն դոլար, շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37.2 %-ով: Էկոնոմիկայի նախարարի տեղակալը աճը մի քանի գործոնով է պայմանավորում:
Նարեկ Տերյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Մեկ տարի առաջ նշանակվեց Հայաստանի առևտրային կցորդ Իրանում, և, կարծում եմ՝ սա նաև այդ թիմի աշխատանքի արդյունքն ա: Նաև Հայաստանում հյուպատոս նշանակվեց, և երբ ամփոփենք այս տարվա թվերը, կտեսնենք զգալի աճ անցյալ տարվա հետ համեմատ:
Առաջին կիսամյակում Հայաստանից Իրան արտահանումը կազմել է 57.9 մլն դոլար: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 76%-ով ավելի է: Հայաստանից հիմնականում արտահանվում է էլեկտրաներգիա, վերջին շրջանում՝ նաև սննդամթերք:
Նարեկ Տերյան - Մենք տեսնում ենք, որ հայկական ընկերությունները մեծ հետաքրքրություն ունեն արդեն Իրանում և բազմաթիվ էքսպոների են մասնակցում:
Իրանից Հայաստան ներմուծվող հիմնական ապրանքներն են՝ էներգակիրներ, քիմիական նյութեր, պլաստմասսայե և շինարարական արտադրանք: Երևանն ու Թեհրանը նշաձող են սահմանել երկու երկրի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը հասցնել 1 մլրդ դոլարի:
Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Հարկ է արձանագրել, որ և՛ Իրանի արտահանումն է դեպի Հայաստան աճել, և՛ Հայաստանի արտահանումը դեպի Իրան: Այս տարվա առաջին կիսամյակում շրջանառությունը գերազանցել է 300 մլն դոլարը, մինչդեռ անցյալ՝ 2021-ին ամբողջ տարվա ընթացքում 500 մլն էր: Սա նշանակում է, որ մենք աստիճանաբար մոտենում ենք մեր կառավարությունների սահմանած թվին:
Հայաստանում Իրանի դեսպանի գնահատմամբ՝ երկու երկրի միջև այս տարվա առևտրաշրջանառության ծավալը թռիչքային է, տեմպը պահպանել, զարգացնել է պետք:
Աբբաս Բադախշան Զոհուրի - Առկա են նաև նոր ոլորտներ, որոնք հուսադրող են առևտրի հետագա աճի տեսանկյունից։ Առաջիկա 7-8 ամիսների ընթացքում մենք կկարողանանք գնահատել 2022 թ. երկկողմ առևտրի ծավալները և տեսնել, թե որքանով ենք մոտեցել մեր հիմնական նպատակին
Նարեկ Տերյան - Հայաստանը Իրանի համար դեպի ԵԱՏՄ այն պատուհանն ա, և մենք զարգացնում ենք էդ ուղղությունը, և թիրախավորումը էն ա, որ Հայաստանը դառնա իրանական ընկերությունների համար պատուհան:
Հայ և իրանցի պաշտոնյաները ընդգծում են Հայաստանի հարավում՝ Կապանում, բացված Իրանի հյուպատոսությունը ևս նոր խթան կհանդիսանա ինչպես երկու երկրների հարևան մարզերի տնտեսվարողների խնդիրների լուծմանը, այնպես էլ կնպաստի հարևանների հարաբերությունների բարձր մակարդակով ամրապնդմանը, առևտրաշրջանառության ցանկալի արդյունքի արձանագրմանը: