«Ես ուրանում եմ սադրիստական շարժման կողմնակիցներից, եթե նրանք 60 րոպեի ընթացքում չլքեն խորհրդարանի տարածքը». այսպես 1 օր տևած հրթիռակոծությունից հետո ազդեցիկ շիա իմամ Մուկթադա աս-Սադրը իր կողմնակիցներին Ան-Նաջաֆում կայացած մամուլի ասուլիսում հրամայեց 60 րոպեի ընթացքում լքել Բաղդադի «կանաչ գոտում» գտնվող խորհրդարանի տարածքը։
Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս հայտարարությունից հետո ցուցարարները սկսել են լքել Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտին»։
Շիա իմամը քննադատել է իր շարժման կողմնակիցների գործողությունները, որոնք հանգեցրել են բռնությունների։
«Սա այլևս հեղափոխություն չէ, և այժմ ես դատապարտում եմ սադրիստական շարժման գործողությունները»,- ասել է նա, ներողություն խնդրել իրաքցի ժողովրդից:
Աս-Սադրի հարյուրավոր կողմնակիցները օգոստոսի 29-ին գրավել էին քաղաքի «կանաչ գոտին», որտեղ տեղակայված են կառավարական գրասենյակները և օտարերկրյա երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, շրջապատել էին Հանրապետության պալատը և մտել շենք։ Բողոքի ցույցերը վերաճել էին զինված բախումների անվտանգության ուժերի հետ, որոնք փորձում էին դուրս մղել սադրիստներին:
Բախումները շարունակվել էին նաև գիշերը: Պատճառ էր դարձել այն, որ Աս-Սադրը օգոստոսի 29-ին հայտարարել էր քաղաքական գործունեության դադարեցման և իր կուսակցության բոլոր գրասենյակների փակման մասին:
Փորձագետները կարծում են` իրաքյան այս ճգնաժամը, սակայն, ավելի խոր արմատներ ունի:
Սարգիս Գրիգորյան (արաբագետ) - 20 տարի է արդեն, կարելի է ասել, երկիրը ճգնաժամի մեջ է: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, նախադրյալները 2019-ին էլ նկատեցինք, բայց գլոբալ քաոսի պայմաններում` Ուկրաինայի ճգնաժամը, մենք տեսնում ենք նոր ցանկություններ, վերադասավորումներ, խաղի կանոններ, որոնց և՛ դրսում, և՛ ներսում փորձելու են մասնակից լինել:
Գարիկ Միսակյան (իրանագետ) - Արդեն մի քանի ամիս է` լարված են, բայց ինչու եղավ հենց երեկ, պատճառներից մեկն այն էր, որ հոգևոր ազդեցիկ առաջնորդներից մեկը տարիքի պատճառով հրաժարվեց կրոնական պաշտոնից և իր հետևորդներից պահանջեց հետևել Իրանի առաջնորդին, իսկ Սադրի համար, ում ընտանիքը կարևորներից էր, նաև կրոնական առումով:
Կարծում են՝ Աս-Սադրի այս քայլը ավելի շատ ուղղված էր քաղաքական կշիռը վերականգնելուն, որ հետագայում վերադառնար ավելի հզոր դիրքերից: Ի դեպ, սա առաջին անգամ չէր, խորհրդարանական ընտրություններից հետո էլ էր հրաժարվել քաղաքականությունից:
Սարգիս Գրիգորյան - Ակնհայտ է, որ դիրքավորվել է որպես միջին դերակատարում ունեցող ուժ, որը հակակշռելու է Իրանին ու ԱՄՆ-ին, քանի որ Իրաքի ու Իրանի կրոնական հակասություն կա: Փորձում է հանդես գալ որպես իրաքցի, նոր իրաքցու կերպարով, որը փորձելու է ձևավորի նոր Իրաք պետության ակունքները, որը երկար տարիներ ճգնաժամի մեջ է:
Նախորդ տարվա աշնանն ընտրություններում հաղթել էր աս-Սադրի խմբակցությունը, բայց խորհրդարանում ընդարձակ կոալիցիա ձևավորելու հնարավորություն չուներ, իսկ խորհրդարանի արտահերթ ընտրություններ կրկին հրավիրելու վերաբերյալ կառավարությունում կոնսենսուս չկար, ինչն էլ բերեց այս իրավիճակին:
Սարգիս Գրիգորյան - Ինչ է հայտարարում` նոր ընտրություններ, միևնույն ժամանակ ասաց` հեռանում է, դա կոչ էր կողմնակիցներին, որ ժամանակն է դուրս գալ:
Իսկ «կանաչ գոտին» որպես թիրախ ընտրելը պատահական չէր: Ի դեպ, «կանաչ գոտու» ուղղությամբ արձակվել էին հրթիռներ:
Սարգիս Գրիգորյան - Այս ցույցերում տեսնում ենք և՛ հակաիրանական, և՛ հակաամերիկյան դրսևորումներ, «կանաչ գոտին» ցույց էր տալու` երկիրը ոնց է աստիճանաբար զարգացում ապրում, բայց դա չստացվեց:
Գարիկ Միսակյան - Բաղդադի անվտանգ պահպանվող գոտիներից մեկն է, բայց վերջին տարիներին ոչ այնքան, միշտ եղել են հրթիռային հարվածներ ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ: Այստեղ է ԱՄՆ դեսպանատունը, որն ամենախոշորն է տարածաշրջանում:
Փորձագետների գնահատմամբ` սա ներքին կրոնաքաղաքական պայքար է, բայց ոչ` առանց արտաքին ուժերի ազդեցության: Կարծում են՝ քրդերը ևս առանցքային դեր ունեն, խորհրդարանում էլ մեծ թվով ձայներ տարել են:
Գարիկ Միսակյան - Հիմնական պայքարն ընթանում է Իրան, Թուրքիա` քիչ, Ամերիկա և Իսրայել, իսկ թե ինչ ցանկություն ունի Իրաքի հասարակությունը՝ բարդ է ասել:
Սարգիս Գրիգորյան - Իրաքցին վատ պայմաններում է, կա կոռուպցիա, Իրաքը դուրս մնաց տարածաշրջանային ճարտարապետությունից, կորցրեց հեղինակությունը, որը ազդելու էր սովորական իրաքցու վրա, չկար անվտանգություն, անընդհատ թանկացումներ են:
Եթե ոչ ուղիղ, ապա միջնորդավորված մենք ևս կզգանք այս բախումների հետևանքները, եթե դրանք շարունակական լինեն՝ կարծում են ոլորտի մասնագետները, հիշեցնում` Իրանի համար Իրաքի հարցը առաջնային է:
Գարիկ Միսակյան - Սիրիայում երբ որ սկսվում էր պատերազմը, չէինք մտածում, որ Սիրիայից ահաբեկիչներ կգան ու կպատերազմեն մեր դեմ: Մեզ մոտ պետություն է սահմանային առումով, նաև առևտրային գործընկեր է Հայաստանի համար, կարող է շեղել Իրանի ուշադրությունը:
Վերջին տվյալներով՝ դաժան փոխհրաձգությունների հետևանքով զոհերի թիվը 30 է, ավելի քան 300 մարդ վիրավորվել է։ Դեռ կեսօրին Իրանը, Իրաքի շիա սրբավայրեր ամեն տարի տեղի ունեցող միլիոնավոր իրանցիների ուխտագնացությանն ընդառաջ, փակել էր Իրաքի հետ սահմանը, դադարեցրել չվերթերը: Մյուս հարևան երկիրը՝ Քուվեյթը, կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրաքից։
Իրաքում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը իրավիճակը բնութագրել էր որպես «ծայրահեղ վտանգավոր»՝ հորդորելով բոլոր կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրադարձությունների մի շղթայի, որն այլևս հնարավոր չի լինի կանգնեցնել:
Իսկ արդեն ավելի ուշ՝ Աս-Սադրի՝ «կանաչ գոտու» տարածքը լքելու մասին կողմնակիցներին ուղղված կոչից հետո, Իրաքի բանակի համատեղ գործողությունների հրամանատարությունը չեղարկեց օգոստոսի 29-ից սահմանված պարետային ժամը ամբողջ երկրում։
Հեղինակ` Իրինա Մկրտչյան