ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎԻԶԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԲԱՐԴԱՆԱ
Եվրամիությունը որոշում է կայացրել Ռուսաստանի հետ վիզաների դյուրացման համաձայնագրի ամբողջական սառեցման մասին, այսպիսով՝ Ռուսաստանի քաղաքացիները քիչ վիզաներ կստանան, իսկ դրանց տրամադրման գործընթացն ավելի կբարդանա։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքով՝ ԵՄ երկրները համաձայնության են եկել վիզաներ տրամադրել միայն «ռուսաստանցիների կոնկրետ խմբերի»։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Եվրոպան չպետք է խզի կապերը ռուս արվեստագետների, մշակույթի գործիչների, ուսանողների, լրագրողների և այլ մասնագետների հետ:
«Այնուհանդերձ, ԵՄ երկրները իրավունք ունեն ինքնուրույն կարգավորելու իրենց սահմաններով շենգենյան գոտի ռուսաստանցիների մուտքի հարցը»,- պարզաբանել է պաշտոնյան։
Պրահայում ԵՄ ԱԳ նախարարները համաձայնության են եկել նաև չճանաչել Ուկրաինայի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներում տրված ռուսական անձնագրերը:
Նրանք պայմանավորվել են նաև արագացնել Կիևին ռազմական օգնության ընդլայնման աշխատանքները։
ԱԷՄԳ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՄՇՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԶԱԷԿ-ՈՒՄ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ 10 երկրի ներկայացուցիչներից բաղկացած առաքելությունն արդեն Զապորոժիե քաղաքում է։ Կազմակերպության պատվիրակությունը կգնահատի ԱԷԿ-ին հասցված վնասը, անվտանգությունը և գործունակությունը։ Մասնագետները պետք է գնահատեն նաև կայանի անձնակազմի աշխատանքային պայմանները:
Գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի խոսքով՝ առաքելության նպատակն է կանխել միջուկային վթարը։ Նա հույս է հայտնել, որ ԱԷԿ-ում կհաջողվի մշտական առաքելություն կազմակերպել։
ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅՏԸ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Օդեսան Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու՝ Ուկրաինայի հայտը։
Այս որոշումը թույլ կտա ֆինանսավորել քաղաքի հուշահամալիրների և վնասված տարածքների վերականգնումը։ Կներդրվեն մշակութային ժառանգության պաշտպանության նոր մեխանիզմներ։
Լրատվամիջոցների տվյալով՝ առաջարկվում է նաև Կիևի և Լվովի պատմական օբյեկտները ներառել վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության ցանկում։