Թռչող տրակտոր՝ ագրոդրոնը կատակով այսպես են կոչում այգի սրսկողները։ Աշտարակ են եկել ֆերմեր Գագիկի սև սալոր-սերկևիլ-խնձորի դաշտը պտղակերի դեմ մշակելու։
Գագիկ Մխիթարյան (այգետեր) - Տրակտորը էստեղ որ մտցնեմ, կջարդի ամբողջ ապրանքը:
Ծառերի մեջ տեխնիկա մտցնելն իմաստ չունի, եթե դրոնի տարբերակը կա՝ պնդում է այս գարնանից օդային սրսկումների անցած ֆերմերը։ Տրակտորը, ճիշտ է՝ հեկտարի համար 10 հազար դրամ է ուզում, դրոնին մինչև 20 հազար է վճարում, բայց սրսկման որակի ու քանակի հաշվին ծախսը նույնն է ստացվում։
Դրոնով գյուղատնտեսական տարածքների սրսկումը Հայաստանում, պարզվում է, կտրուկ ավելացել է։ Երեք տարի առաջ, երբ սկսեցին ծառայություն մատուցել, պատվերները հատուկենտ էին՝ անկեղծանում է ագրարային նորարար բիզնեսի համահիմնադիրը։ Հիմա արդեն բավական է գյուղից մեկի համար աշխատեն, արդյունքը տեսնելով՝ մյուսներն էլ են իրենց հաճախորդը դառնում։
Միհրան Սահակյան (Sky Agro Armenia ընկերության համահիմնադիր) - Այս տարի արդեն 2000 հա-ի չափ սրսկել ենք:
Գեղարքունիքում այս օրերին 20-30 հեկտարանոց կարտոֆիլի դաշտեր են մշակում, Շիրակում շատ ցորենի արտ են սրսկել։ Բանջարանոց ունեցողներն այլևս կարիք չունեն, օրինակ՝ սոխի շարքերի արանքում տրակտորի գնալ-գալու համար տեղ թողնել, կարող են դա էլ ցանել ու նույն տարածքից ավելի շատ բերք ունենալ՝ ագրոդրոնի կիրառման առավելություններն է թվարկում Էմին Մարտիրոսյանը։
Էմին Մարտիրոսյան (Sky Agro Armenia ընկերության համահիմնադիր) - Ձմերուկի դեպքում կարելի է տրակտորի տեղեր չթողնել ու բերքատվություն ավելացնել, չեմ խոսում եգիպտացորենի մասին, որ էս վեգետացիայի դեպքում անհնար ա սրսկել, դրոնն էս դեպքում փրկություն ա:
Sky Agro-յի թիմը հաշվարկել է նաև, որ ավանդական սրսկման համեմատ դեղի ազդեցությունը դրոնով մոտ 30 տոկոսով էֆեկտիվ է ստացվում։ Թունաքիմիկատը ոչ թե անձրևի պես թրջում է բերքն ու տերևը, այլ սարքի առաջացրած քամու օգնությամբ փոշու տեսքով է նստում ճյուղերին։ Ով կասկածում է՝ ապացույցի համար ծառի ամենախիտ հատվածներում թեստ են դնում։
Էմին Մարտիրոսյան - Միկրոփոշի ա տալիս, տրակտորից մոտ 10 անգամ փոքր կաթիլով ցող ա տալիս ու քամու հաշվին ամբողջությամբ ծառը տերևի բոլոր կողմերից պատում ա, ու անկախ թե ծառի բարձրությունն ինչքան ա՝ ներքև ա իջնում ցողը:
Թունաքիմիկատի, պարարտացման գործում մեր երկրում նույնպես ապագան ագրոանօդաչուներինն է՝ այնքան վստահ են այս ընկերությունում, որ եկող տարվա համար դրոն կառավարող 50 մասնագետ են ուզում պատրաստել։ Գյուղացիները կարծես հավանել են նորամուծությունը։
Միհրան Սահակյան - Տրակտորով եթե օգտագործվում ա 400 լիտր ջուր, մենք նույն դեղը խառնում ենք 15-20 լիտր ջրի հետ, ու եկեղ տարի լինելու է նոր մոդելի դրոն, որ կարողանալու ա միանգամից դեղը սրսկի:
Տեսեք՝ դաշտը սրսկեցին, մեղուների հեչ պետքը չէր․ առաջ տրակտորը լույսը չբացված էին կանչում, որ փեթակներին վնաս չլինի՝ նկատեց այգետերը։ Տարվա բերքի հետ Մխիթարյանների ընտանիքը նաև խնձոր կմթերի, մի մասը սառնարանում կպահի, հետո կարտահանի։ Ինչը չվաճառվի՝ թունդ մրգօղի կթորեն։ Հարբել չսիրողների համար էլ պապենական բաղադրատոմսով քացախ են արտադրելու։