Գեղեցիկ լուսանկար, որտեղ բնությանը, հուշահամալիրներին լրացնում են աստղերն ու մոլորակները: Լուսանկարչությամբ զբաղվող, միաժամանակ տիեզերքով հետաքրքրվողները օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կարող են մասնակցել «Սթարմուս» փառատոնի աստղալուսանկարչության դպրոց ծրագրին:
Գարիկ Իսրայելյան («Սթարմուս» փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս) - Ամեն տեղ չէ, որ կարող ես այդպիսի նկարներ անել, դրա համար հատուկ պայմաններ են պետք, երկնքի մաքրություն, ոչ ոք չի հետազոտել, թե Հայաստանի որ սարերում լավ պատկերներ կարելի է ստանալ, որովհետև դա միկրոկլիմայի հետ կապ ունի, նաև Սևանա լճի մոտակայքում շատ հետաքրքիր է աստղերի արտացոլումը Սևանի միջից, Ծիր Կաթինը, բարձր որակով պատկեր ստանալը, որ նույնպես չեմ տեսել, որ անեն:
Դասախոսությունները կվարեն պրոֆեսիոնալ աստղալուսանկարիչները: Բացումը Astronomy ամսագրի խմբագիր Մայքլ Բակիչն է անում:
Մայքլ Բակիչ (Astronomy ամսագրի խմբագիր) - Միանգամից համաձայնեցի գալ, երբեք չէի եղել Հայաստանում: Կարճ դասախոսություն կկարդամ, կպատմեմ մարդկանց՝ որն է մեր ամսագրի նպատակը, ինչպիսի լուսանկարներ ենք ուզում տեսնել, կանդրադառնամ տեխնիկական մի շարք մանրամասների: Մենք նաև աշխատելու ենք հայ մասնագետների հետ, արդեն սկսել ենք գործակցել:
3 օրում սովորել ամեն ինչ՝ անհնար է, ասում է Բակիչը, բայց սա լավ մեկնարկ կարող է լինել: Օրվա երկրորդ ելույթը հայազգի աստղալուսանկարիչ Օշին Զաքարյանինն էր: Որևէ արտառոց տեխնիկայի կամ նորագույն տեսախցիկի կարիք չկա, ասում է մասնագետը, ինքը կսովորեցնի` ինչպես, որ անկյունից, որ ժամին նկարել:
Օշին Զաքարյան (աստղալուսանկարիչ, ԱՄՆ) - Աստղալուսանկարիչը պետք է ունենա բեյսիք գիտելիքներ տիեզերքի մասին, աստեղերի անունները պետք է իմանա, դրանց շարժը երկնքում տարբեր սեզոնների ժամանակ, Հարդագողի ճանապարհը կամ Ծիր Կաթինը որ ժամերին են երևում երկնքում:
Եռօրյա դպրոցը Բելգիայից Հայաստան է բերել նաև Արևիկին: Մասնագիտությամբ ոսկերիչը հատուկ սեր ունի աստղերի նկատմամբ:
Արևիկ Հակոբյան (ծրագրի մասնակից) - Ամեն ինչին փորձում եմ մասնակցել, որպեսզի ունենամ բավարար ինֆորմացիա, որ ապագայում նույնպես իրենց հետ կապ ունենամ՝ թե՛ մեկնելու, թե՛ աշխատելու իրենց հետ:
Իսկ Հայաստանը լավ լուսանկարներ ստանալու, երկնքի խորքերը հասնելու համար մեծ ներուժ ունի՝ կարծում է մյուս բանախոսը՝ ֆիլիպինցի Քրիստոֆեր Գոն: Հույս ունի, որ դասընթացի ավարտին իրենց շարքերը կհամալրվեն:
Քրիստոֆեր Գո (աստղալուսանկարիչ) - Հայաստանում կարող ենք լուսանկարել մոլորակները նոր տեխնոլոգիաներով, կարող ենք ստանալ տիեզերանավերից արվող լուսանկարների որակին չզիջող պատկերներ: Դրանք օգտակար են նաև պրոֆեսիոնալ աստղագետների համար: Գիտեք՝ տիեզերքը շատ արագ է փոխվում, և մեզ մասնագետներ են պետք ամբողջ աշխարհում, այդ թվում այս տարածաշրջանում:
Երեկոներն էլ գործնական պարապմունքները կլինեն՝ գիտահետազոտական աստղադիտակներով աշխատանք ու լուսանկարչություն: