Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ կենտրոնացած է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների՝ ամենաբարձր մակարդակով կատարման վրա, համաձայնեցված եռակողմ ձևաչափերի շրջանակում համապատասխան աշխատանքները առարկայական բնույթ են կրում և առաջ են շարժվում՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հավելել է, որ օգոստոսի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստը:
Զախարովան անդրադարձել է նաև Բրյուսելում նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցություններին:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ Հարավային Կովկասում Եվրամիության ակտիվությունը պայմանավորված է աշխարհաքաղաքական նկրտումներով: Մեր կարծիքով՝ դա ավելի շուտ նման է միջնորդակական դափնիները յուրացնելու փորձի:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է նաև Անկարայի ու Մոսկվայի միջև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ քննարկումների մասին լուրերը:
Մարիա Զախարովա - Ես տեղեկություն չունեմ Թուրքիայի առևտրի նախարարության ղեկավարության և ռուս գործընկերների միջև նման շփումների մասին: Կարող եմ միայն ասել, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ՝ ապաշրջափակելու Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը։ Փոխվարչապետների գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում նախատեսվում է համաձայնեցնել կոնկրետ երթուղիների վերաբերյալ փաթեթային որոշումներ, որոնք հիմնված կլինեն Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը հարգելու սկզբունքի վրա և կնպաստեն Հարավային Կովկասի անվտանգությանն ու տնտեսական բարեկեցությունը։
Մարիա Զախարովան վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի՝ որպես միջնորդի ջանքերը բերում են կոնկրետ արդյունքների և արժանանում կողմերի համապատասխան գնահատականին։