ԱԷՄԳ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՄՇՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԶԱԷԿ-ՈՒՄ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունն ուղևորվում է ռազմական գործողությունների գոտի, պատվիրակության անդամները Ռուսաստանից և Ուկրաինայից անվտանգության հստակ երաշխիքներ են ստացել։
Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հույս է հայտնել, որ նրան կհաջողվի մշտական առաքելություն կազմակերպել ԱԷԿ-ում։
«Վերջապես վեց ամսվա ինտենսիվ ջանքերից հետո մտադիր ենք մի քանի օր անցկացնել Զապորոժիեի ատոմակայանում: Մեր առջև շատ կարևոր խնդիր է դրված՝ տեղում գնահատել իրավիճակը և նպաստել դրա կայունացմանը»,- հավելել է Գրոսսին։
Վոլոդիմիր Զելենսկին, որը նախօրեին Կիևում ընդունել է Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը, ընդգծել է՝ Կիևն ակնկալում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը ոչ միայն ստուգումներ կանցկացնի կայանում, այլև կաջակցի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու՝ ուկրաինական կողմի պահանջին: Նրա խոսքով՝ Կիևի համար շատ կարևոր է, որ ատոմային օբյեկտը վերադարձվի Ուկրաինայի վերահսկողության տակ։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան կարևորում է առաքելության անցկացումը Զապորոժիեում, սակայն ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին խոսք չկա։
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԵՆԳԵՆՅԱՆ ՎԻԶԱ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԸ
Պրահայում մեկնարկած ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում քննարկվում է Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզա տրամադրելու հարցը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան կարծիք է հայտնել, որ հարկավոր է տարբերակել ուկրաինական հակամարտության հետ կապ ունեցող անձանց և սովորական քաղաքացիներին, որոնք պատասխանատվություն չեն կրում պատերազմի համար։ Նրա խոսքով՝ Եվրոպան չպետք է կորցնի կապը ռուս արվեստագետների, ուսանողների, լրագրողների հետ:
Հունգարիան նույնպես չի աջակցում Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու՝ Եվրամիության առաջարկին։ ԱԳ ղեկավար Պետեր Սիյարտոն համոզմունք է հայտնել, որ դա սխալ որոշում է։
Բեռլինն այլ կարծիք ունի. Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առաջարկել է կասեցնել ԵՄ-Ռուսաստան վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը և հետագայում ավելի ուշադիր ստուգել՝ ինչ նպատակով են ռուսաստանցիները վիզաներ ստանում։
Աննալենա Բերբոքը, այնուամենայնիվ, նշել է, որ անհրաժեշտ է պահպանել շենգենյան վիզա ստանալու հնարավորությունը ուսանողների և այն անձանց համար, որոնք, նախարարի խոսքով, Ռուսաստանում հետապնդվում են քաղաքական դրդապատճառներով։
Բեռլինի դիրքորոշմանն աջակցում են նաև Նիդերլանդները և Դանիան։
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ԻՐԱՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
Իրաքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է լուծել երկրում քաղաքական ճգնաժամը՝ հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը։
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Իրաքում, կառավարման համակարգի և իրավիճակը փոխելու անկարողության հետևանքն է։
«Բաղդադում զինված բախումների դադարեցումը չի նշանակում երկրում արմատացած ճգնաժամի ավարտ»,- ասել է Սալեհը։
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին էլ հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե երկրում քաղաքական իրավիճակը վատթարանա։ Նա հայտնել է, որ կառավարությունը հատուկ կոմիտե է ստեղծել՝ հետաքննելու Բաղդադում վերջին բախումները։
Նախօրեին շիա ազդեցիկ իմամ Մուկթադա աս-Սադրը հայտարարեց, որ հեռանում է Իրաքի քաղաքական դաշտից, ինչից հետո նրա հարյուրավոր կողմնակիցներ ներխուժեցին Բաղդադի կառավարական «կանաչ գոտի»: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ զինված բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 30 մարդ:
ՄԱՀԱՑԵԼ Է ՄԻԽԱՅԻԼ ԳՈՐԲԱՉՈՎԸ
Երկարատև ծանր հիվանդությունից հետո` կյանքի 91-րդ տարում, մահացել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Լրատվամիջոցների տվյալով՝ նա երիկամների խնդիր ուներ։ Գորբաչովը ղեկավարել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը 1985 թվականից, հրաժարական է տվել 1991 թվականի դեկտեմբերի 25-ին։ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո Գորբաչովը զբաղվում էր հասարակական և գրական գործունեությամբ։