Ինչպես արդեն դատախազությունը հայտնել է, «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հսկող դատախազը չորս անձի նկատմամբ (երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը) հարուցել է հանրային քրեական հետապնդում: Այդ մասին ասված է ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքի էջում:
«Նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, և վարույթն իրականացնող մարմնի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություններ են ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ:
Դատարանի որոշումներով բավարարվել էին նշված 4 անձանցից 3-ի՝ տնտեսվարողների նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունները, իսկ առևտրի կենտրոնի փոխտնօրենի մասով՝ մերժվել:
Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է վերջինիս վերաբերյալ դատարանի ամբողջական որոշումը, ուսումնասիրվել պատճառաբանական մասը: Դատական ակտի անհիմն լինելու հանգամանքով պայմանավորված՝ այսօր դրա դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Քրեական վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է: Դատախազական հետևողական հսկողության ներքո ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները (այդ թվում՝ նախաքննական մարմնին կոնկրետ ուղղություններով կոնկրետ վարութային և ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ գրավոր ցուցումներով) կատարված ողբերգական դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հրդեհի և պայթյունի առաջացման պատճառները լիարժեք բացահայտելու ուղղությամբ:
Նաև` հանցագործությունների կատարման պատճառները, նպաստած պայմանները վերացնելու, նմանատիպ այլ օբյեկտներում հակահրդեհային, անվտանգության կանոնների հնարավոր խախտումների առկայությունը պարզելու, այդպիսիք արձանագրելու դեպքում դրանք վերացնելուն ուղղված գործուն քայլեր ձեռնարկելու նպատակով դատախազությունից համապատասխան միջնորդագրեր են ուղարկվում պատկան մարմիններին»,- հայտնել է Աբրահամյանը: