ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Բրյուսելում Փաշինյանի, Ալիևի և Շառլ Միշելի առաջիկա հանդիպման մասին լրագրողների հարցին։
«Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ կենտրոնացած է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ։ Համապատասխան աշխատանքը՝ համաձայնեցված երկկողմ ձևաչափերի շրջանակում, առարկայական բնույթ է կրում, առաջ է ընթանում: Օգոստոսի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ հանդիպումը։
Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ապա հայ և ադրբեջանցի գործընկերներից որևէ տեղեկություն չի ստացվել խաղաղության համաձայնագրի տեքստը մշակելու համար ԵՄ միջնորդությամբ աշխատանքային խումբ ստեղծելու ծրագրերի մասին։ Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով: Մեր կարծիքով՝ դա կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ։ Ես կասեի, որ սրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելու փորձին, և ըստ էության ոչ մի արժեք չունեն:
Մենք որպես միջնորդ ենք աշխատում, և այս աշխատանքը որոշակի արդյունքներ է տալիս, իսկ նրանք, ովքեր միջնորդ են ձևանում՝ միջնորդ չլինելով, ըստ երևույթին, ոչինչ չեն կարողանում առաջարկել, բայց ցանկանում են ի ցույց դնել իրենց ներգրավվածությունը: Տպավորություն է ստեղծվում, թե նրանք կորցրել են իրենց դիվանագիտական հմտությունները»,- պատասխանել է Զախարովան։