2022 թ. օգոստոսի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանը:
Անվանի նկարիչը ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: 1965 թ. ավարտել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1974-982 թթ. դասավանդել է նույն ինստիտուտում:
Գեղանկարչական երկերում անուղղակիորեն միահյուսել է մանրանկարչության և արդի գեղանկարչության ավանդույթները: Արկադի Բաղդասարյանի հեղինակած գործերից են «Ինֆուզորիա» (1974 թ.), «Կոմպոզիցիա» (1988 թ.), «Նոկտյուրն Ա», «Նոկտյուրն Բ» (երկուսն էլ` 1994 թ.), «Կոմպոզիցիա», «Խաչելություն» (երկուսն էլ` 2000 թ.), «Հայաստան», «Քրիստոս», «Հրեշտակ» (երեքն էլ` 2001 թ.) և այլն: Նրա ստեղծած կտավներին բնորոշ են խիստ մշակված պայծառ մակերեսները:
Նկարիչը անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1975 թ., 1976 թ., 1977 թ., 2000 թ.), Գերմանիայում (Մարբուրգ՝ 1988 թ., Ֆոլդա՝ 1989 թ., Քյոլն՝ 1991 թ., Կասել՝ 1997 թ.), Մոսկվայում (1989 թ.), Փարիզում (1997 թ.) Ստեփանակերտում (2001 թ.):
1976 թ.-ից Արկադի Բաղդասարյանը եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ:
2003 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի, իսկ 2015 թ.՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: