ԱՄՆ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԶԱԷԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ
Վաշինգտոնը կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքը՝ նվազագույնի հասցնելու ճառագայթման վտանգը՝ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Ռուսաստանը պետք է ապահովի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների անվտանգ և անարգել մուտքն ատոմակայան: Նաև կարծում ենք, որ Ռուսաստանը պետք է համաձայնի կայանի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծմանը»,- ընդգծել է Քիրբին, հավելել՝ Վաշինգտոնը լիովին աջակցում է ԱԷԿ-ում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությանը:
Առաքելությանն աջակցում է նաև Մոսկվան, սակայն ապառազմականացված գոտի ստեղծելու մասին խոսք չի կարող լինել՝ նախօրեին հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նաև տեղեկացրել է, որ գործակալության փորձագետներն արդեն ուղևորվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ԱԷԿ, սակայն այնտեղ մուտք կգործեն Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքից։
Իրավիճակը ԱԷԿ-ի շուրջ դեռևս լարված է, տեղեկություններ են ստացվում միջուկային օբյեկտի թիրախավորման մասին, Կիևը և Մոսկվան շարունակում են հանդես գալ փոխադարձ մեղադրանքներով։ Վերջին տվյալով՝ տարածաշրջանում ռադիացիայի ֆոնը նորմայի սահմաններում է։
ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԲԱՂԴԱԴՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
Իրաքում նախօրեին շիա ազդեցիկ իմամ Մուկթադա աս-Սադրը հայտարարել է, որ հեռանում է քաղաքական դաշտից, ինչից հետո նրա հարյուրավոր կողմնակիցներ ներխուժեցին Բաղդադի կառավարական «կանաչ գոտի», մասնավորապես՝ Հանրապետական պալատ, որտեղ գտնվում են կառավարության շտաբը և մի շարք դեսպանատներ։ Չնայած սահմանված պարետային ժամին՝ Բաղդադում և Իրաքի այլ շրջաններում անկարգությունները և բախումները չեն դադարել ողջ գիշեր։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Բաղդադի կենտրոնում պայթյուններ են որոտացել, թիրախավորվել է Իրաքում ԱՄՆ դեսպանատունը։ Կարգուկանոնի հաստատման գործողություններին ներգրավվել են երկրի կանոնավոր բանակի ստորաբաժանումները: Իրաքի կառավարությունն օգոստոսի 30-ը ոչ աշխատանքային օր է հայտարարել՝ անվտանգային բարդ իրավիճակի պատճառով։
Վերջին տվյալով՝ մայրաքաղաքի կենտրոնում զինված բախումների ժամանակ զոհվել է առնվազն 30 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ, ավելի քան 300 մարդ վիրավորվել է։ Շիա իմամը հացադուլ է հայտարարել՝ մինչև երկրում չդադարեցվեն զանգվածային բռնությունները։
Նշվում է նաև, որ Իրաքի կառավարության ներկայացուցիչները, աս-Սադրի շարժման և հակառակորդ «Համակարգող ուժերի» ներկայացուցիչները բանակցում են Բաղդադի «կանաչ գոտում» հրադադար հաստատելու շուրջ։ Բանակցությունների մանրամասները չեն հաղորդվում։
Աս-Սադրի կողմնակիցները, որոնք խորհրդարանում կազմում էին ամենամեծ բլոկը, հունիսին վայր դրեցին իրենց մանդատները: Նրանք պահանջում էին ցրել խորհրդարանը և նոր ընտրությունների ամսաթիվ նշանակել: Այսօր Իրաքի Դաշնային դատարանը պետք է քննարկեր խորհրդարանը ցրելու մասին շիա առաջնորդի շարժման հայցը։
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԶԳ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Օգոստոսի 29-ին Վրաստանում մեկնարկել են «Noble partner-2022» բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում է ավելի քան 2400 զինվորական 21 երկրից։ Վարժանքներն անցկացվում են արդեն վեցերորդ անգամ: Այս տարի դրանց առաջին անգամ մասնակցում են Ճապոնիայի և Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչները։
Զորավարժություններն անցկացվում են Վրաստանի պաշտպանության ուժերի Արևելյան հրամանատարության և Եվրոպայում ու Աֆրիկայում Միացյալ Նահանգների հրամանատարության ղեկավարությամբ՝ ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի աջակցությամբ:
ԹՈՒՐՔԻԱՆ ՋԱՆՔ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԼՈՒԾԵԼՈՒ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
Թուրքիան ջանքեր է գործադրում լուծելու ուկրաինական ճգնաժամը՝ հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն։
«Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ՆԱՏՕ-ի շատ այլ դաշնակիցներից ավելի էական աջակցություն է ցուցաբերում Կիևին: Միևնույն ժամանակ, աջակցում ենք Ռուսաստանի հետ երկխոսությունը, որն արդեն տալիս է իր պտուղները»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նա հավելել է, որ օգոստոսի 28-ի դրությամբ հացահատիկային միջանցքով Ուկրաինայից արտահանվել է 1,3 մլն տոննա գյուղմթերք։ Դիվանագետը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել հրադադարի և կայուն խաղաղության։
Ուկրաինայի շուրջ զարգացումներին անդրադարձել է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, մտահոգություն հայտնել՝ պատերազմական գոտում իրավիճակը վատ է, Ուկրաինան նոր օգնության կարիք ունի.
«Եվրամիության երկրները կքննարկեն Կիևին սպառազինությունների մատակարարման ընդլայնման հարցը, նաև կդիտարկվի ռազմական գնումների հնարավորությունը, քանի որ Միության երկրների պաշարները սպառվում են»,- եզրափակել է Բորելը։