Այս տարի Գյումրիում Կառավարություն-համայնք գործակցությամբ իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր՝ 53 ենթածրագրով։ Ընդհանուր բյուջեն կազմում է 3 մլրդ 394 մլն, որից 1 մլրդ 594 մլն-ը կառավարությունն է հատկացնում:
Արդեն իսկ ընթացքի մեջ են Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի և տանիքի վերանորոգման աշխատանքները, նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 71 մլն 741 հազար դրամ՝ 45 տոկոս պետության համամասնությամբ։
Խաչատուր Խնձրցյան (Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ) - Նախատեսված է ավարտին հասցնել մինչև դեկտեմբեր. կոսմետիկ նորոգման, ներքին հարդարման ընդհանուր աշխատանքներ են իրականացվում:
Մարզային ու քաղաքային կառույցների պատասխանատուները հետևում են իրականացվող աշխատանքներին՝ առկա և հնարավոր թերություններն արձանագրելու, հնարավորինս արագ շտկելու նպատակով։
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Փաստացիորեն, պատուհանների փոփոխություն չի եղել, և շինարարը աշխատանքների արդյունքում ինչպես այդ խնդիրն է արձանագրել, նաև փոքր բեմի հետնապատում գտնվող որմնանկարի հետ կապված խնդիրը: Այնտեղ լուծում է գտնվել, որ պետք է ևս մեկ շերտ արհեստականորեն առաջ բերել՝ պատի հատվածի խնդիրը կլուծվի, իսկ պատուհանների հարցին մարզպետարանի պատասխանատուների ուշադրությունն է հրավիրվել, կամ նախագծային փոփոխություն կնախատեսենք, կամ ինչ-որ այլ միջոց, որի արդյունքում կատարված աշխատանքը լիարժեք արդյունք կունենա։
Սուբվենցիոն ծրագրով կնորոգվի նաև «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» փայտե պատշգամբը։ Աշխատանքները դեռ չեն մեկնարկել, նախատեսվում է նախահաշվային ընդհանուր արժեքով 14 մլն 72 հազար դրամի աշխատանքների իրականացում։
Կարեն Բադիշյան (Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ) - Այստեղ կա խնդիր, որը ներկայացվել է համայնքին. կոյուղիների հետ է կապված։ Անձրևների ժամանակ ջրի հոսքը անմխիթար իրավիճակ է ստեղծում կամարի տակ, ջրով լցվում է, և թանգարան մուտք գործելը դառնում է անհնար: Փորձում ենք նախագծային քննարկել, եթե հնարավոր լինի, 10 տոկոսով կլուծենք նաև այդ հարցը, եթե չէ՝ համայնքը իր միջոցներով լուծի:
«Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի հաստատված արժեքը 2 մլրդ 181 մլն դրամ է։
Նազելի Բաղդասարյան - Տեմպերի առումով այս պահին Գյումրիում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ցուցանիշները 2022 թվականին ես բավարար եմ գնահատում, չնայած ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվանից դեռ ունենք անավարտ ծրագրեր, որի մասով պետք է հետևողական լինենք:
Արդեն մեկնարկել է նաև 2023 թ. հայտերի ընդունման գործընթացը։ Հունվարից արդեն հնարավոր կլինի մրցույթների իրականացումը, իսկ շինաշխատանքներն ամբողջ ծավալով ավելի վաղ կմեկնարկեն: