Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական՝ 90-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին՝ Վանաձորից:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Երբ մենք խոսում ենք մշակույթի ապակենտրոնացման, մշակութային կյանքի ապակենտրոնացման մասին, ապա նման կարևորագույն կառույցի հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը մարզում՝ սա ևս այդ ապակենտրոնացման կարևոր դրսևորումներից մեկն է:
Թատերաշրջանը բացվում է «Անուշ» օպերայով: Փոխնախարարի և ներկայացման երաժշտական ղեկավարի զրույցի արդյունքում է ծնվել միտքը, որ չկա «Անուշը» ներկայացնելու ավելի նպատակահարմար տեղ, քան Լոռին է:
Կարեն Դուրգարյան (ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր) - Այս միտքը պարոն Խզմալյանին էր, և մենք ասացինք, որ ամպայման դա պետք է անել, որովհետև իրապես շատ կարևոր է մարզային ծրագրեր անել և ընդհանրապես շեշտել, որ թատերաշրջանը բացում ենք ո՛չ մեր հարթակում, որ արտիստները սովոր են:
Ըստ Արա Խզմալյանի՝ Հայաստանում շատ կան տարածքներ, որոնք կարելի է օգտագործել մշակութային միջոցառումների, ներկայացումների համար:
Արա Խզմալյան - Մենք շատ հաճախ խոսում ենք, որ ուղղակի տարածքներ չունենք, բայց նման միջավայրեր կան, որոնց մասին ուղղակի չգիտենք, և պարզապես չենք մտածում այդ միջավայրերը բովանդակությամբ լցնելու մասին:
Հոբելյանական թատերաշրջանում օպերային թատրոնը ելույթներ կունենա ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս: Կան հրավերներ, կան արդեն ծրագրած հյուրախաղեր:
Հեղինակ՝ Մոնիկա Ավետիսյան