Օգոստոսի 30-ին՝ 2022-2023 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության սկիզբը դրվել է 2010 թվականին: Այդ մասին ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքի էջում:
Արարողությանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, կրթական կառույցների ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, ՀՀ մի շարք դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:
Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ այսօր նրանց համար հավատքի վերանորոգության, մեր սուրբ հայրերի հոգեմտավոր վեհ գործի հանդեպ հավատարմության վերահաստատման և ուխտի օր է։
«Աստվածահաճո և գովարժան է ձեր աշխատանքը, սիրելի՛ մանկավարժներ, կրթական գործի սիրելի մշակներ, քանզի հակառակ ժամանակի բազում խոչընդոտներին և դժվարություններին՝ անմնացորդ սիրով և անօրինակ նվիրումով շարունակում եք մեսրոպաշունչ ձեր առաքելությունը՝ հավատալով գիտելիքի ուժին, աշխարհը վերափոխող ու գեղեցկացնող կրթյալ, բանիմաց և առաքինի անհատների պատրաստության կարևորությանը»,- ասաց Ամենայն Հայոց Հովվապետը՝ հորդորելով կրթության մշակներին ամենայն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ շարունակել իրենց առաքելությունը, ներշնչող և խանդավառող օրինակ լինել սաների համար և հայորդիների մեջ սերմանել սեր միմյանց հանդեպ, բարու և արդարության հանդեպ, կրթել աստվածպաշտության և հայրենասիրության ոգով։
Վերջում Նորին Սրբությունը, կրթության մշակներին մաղթելով բարի, խաղաղ և պտղաբեր ուսումնական նոր տարի, հայցեց Երկնավորից, որ այն դառնա հաջությունների և նորանոր ձեռքբերումների ժամանակաշրջան, որպեսզի Տիրոջով զորացած՝ անսպառ եռանդով, նվիրումով և պատասխանատվությամբ շարունակեն լուսավորել, կրթել և դաստիարակել մեր ժողովրդի զավակներին։
Արարողության ավարտից հետո, ի պատիվ հրավիրյալների, տեղի ունեցավ ընդունելություն: