Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող բոլոր սուբյեկտների գործունեությունը, որի արդյունքում թվով 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակության մոլորեցման դրսևորմամբ իրավախախտման վերաբերյալ վարույթներ։
Վարույթների շրջանակում պարզվել է, որ 9 տնտեսվարող սուբյեկտներ արտադրել և իրացրել են «աղբյուրի ջուր» և (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր», այն է՝ չունեն աղբյուրի ծագում և (կամ) արտադրության որևէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։
Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ «աղբյուրի ջուր» մակնշումով ջուրը պետք է ունենա աղբյուրի ծագում և, ինչպես «բնական խմելու ջրի» դեպքում, արտադրության որևէ փուլում չպետք է մշակված լինի քլորի պատրաստուկներով։
Հետևաբար, նույնիսկ որևէ աղբյուրից ջրամատակարարման կենտրոնացված համակարգով (տնտեսվարողները ջուրը ձեռք են բերել «Վեոլիա Ջուր» ընկերությունից) ստացված ջուրը չի կարող շշալցվել և իրացվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով։ Ընդ որում՝ կարևոր չէ նախքան ջրի շշալցումը դրա ապաքլորացման հանգամանքը:
Իրականացված վարույթների արդյունքում Հանձնաժողովը 6 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է նախազգուշացում, 3 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ՝ տուգանք, իսկ վարույթներից 3-ը կարճվել են։