Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Հարց - Վերջերս Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում տեղի է ունեցել համաժողով: Ի՞նչ մեկնաբանություն ունեք այս առումով:
Պատասխան - Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում:
Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց:
Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Շուշիում ընթացող խորհրդաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը:
«Դա պետք է գնահատել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»,- ասել էր Հաջիևը:
Նա դեսպանների քայլը գնահատել էր որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, որովհետև, այդ երկրների կարծիքով, հակամարտությունը դեռ ավարտված չէ»:
Հաջիևի խոսքով՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որևէ ներդրում չեն ունեցել հակամարտության կարգավորման գործում:
«Նրանք մեզնից 30 տարի են խլել: Այս այցին չմասնակցելով՝ նրանք հերթական անգամ քամահրանք արտահայտեցին»,- ասել էր Հաջիևը: