Բիբարի թուփն այստեղ ծառից էլ բարձր է։ Հո սովորական բանջարանոց չի, վերջին շնչի ջերմոց է՝ մեր զարմանքին արձագանքում են աշխատակիցները․ բույսն իրենց մոտ շարքով-կարգով, կանոններով է աճում-բերք տալիս։
Կանաչների մի մասը շուտով կկարմրի, մյուսները կդեղնեն։ Ջերմոցը նախագծված է հոլանդական-իսրայելական տեխնոլոգիայի՝ Հայաստանի կլիմային հարմարեցված տարբերակով․ ամռան վառող արևից պաշտպանելու համար՝ դրսից հատուկ նյութով է ներկված, ներսում՝ վարագույներից բացի՝ որ բույսը հանկարծ շոգից չխեղճանա, նույնիսկ բարձր ճնշման մառախուղի համակարգ է աշխատում։
Գունավոր պղպեղներին ներքևից էլ կաթիլային ոռոգումն է սնուցում։ Բիբարի այժմյան հսկա թփերը, ի դեպ, պարզվում է, առաջին անգամ մեզ մոտ՝ Հայաստանում են աճեցվել, նույն այս տարածքում ծիլ տվել:
Նույն հարթակում՝ հատակից ջրվող-ջեռուցվող սածիլանոց ունենալ, որն ըստ անհրաժեշտության կարող է վերածվել ջերմոցի՝ բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ Սպայկայի նորամուծությունն է։ Ընկերությունն այս տարի սարքել-հաջողությամբ փորձարկել է Հայաստանում ամենամեծ՝ 5 հա մակերեսով սածիլանոց։ Որքան գումար են ներդրել՝ որպես առևտրային գաղտնիք՝ չեն հրապարակում։ Փոխարենը հայտարարում են՝ ջերմոցային բիզնեսն արդեն կարող է արտասահմանից սածիլ չներկրել․ պետք լինի-պատվեր տան՝ կարող են երկրի նաև մյուս տնտեսվարողներին տնկիով ապահովել՝ վստահեցնում է ընկերության ջերմոցային համալիրի կառավարիչը։
Արևիկ Ատիկյան («Սպայկա» ընկերության ջերմոցային համալիրի կառավարիչ) - Այս տարի արտադրել ենք մեկ շրջափուլով 5 մլն սածիլ, ընդ որում՝ պատվաստման տեխնոլոգիայով, որը Հայաստանի ու տարածաշրջանի համար մեծ մարտահրավեր էր. այսպիսի մասշտաբներով պատվաստած սածիլ ունենալ.․․
Չպատվաստված սածիլի դեպքում հզորությունները թույլ են տալիս մինչև իսկ 20 մլն հատ բույս աճեցնել։ Այդ քանակի կարիքը գարնանը քանի որ չունեին, տարածքը պարապ չթողնելու համար ընթացիկ փոփոխության են ենթարկել, վերածել սովորական ջերմոցի ու ավելացրել բանջարեղենի արտադրական մակերեսը։
Արևիկ Ատիկյան - Տրանսֆորմեր տարբերակ է, հիմա դուք տեսնում եք բույսի աճեցման փուլը:
Ընդհանուր 55 հա-ի վրա այստեղ «Սպայկան» բիբար, որոշակի քանակությամբ վարունգ և, իհարկե, լոլիկ է աճեցնում։ Աշխատողները գործի գալիս են առավոտ շատ շուտ, որ կեսօրին բերքահավաքն ավարտած լինեն։ Քաղում են ստանդարտ չափի, շեկլիկ պտուղները, որ բանջարեղենը հանկարծ չգերհասունանա մինչև գնորդի մոտ հայտնվելը՝ բացատրում է տիկին Գայանեն։
Գայանե Առաքելյան (ջերմատան աշխատակից) - Երեք-չորս օրից, երբ հասնի Ռուսաստանի խանութներ, ալ կարմիր կլինի:
Ապրանքն արկղերում է, մնացածը տեխնիկայի գործն է։ Պիտակավորել-բարձելը րոպեներ է տևում։ Այս ջերմոցներից բերքը 99 տոկոսով արտահանման է գնում։