Մերի Եգորյան - Միաժամանակ նվագում են, շարային քայլում ու չափ տալիս. Մոսկվայի Կարմիր հրապարակում ռազմական շքահանդեսային դեֆիլեին են մասնակցում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած զինվորական նվագախմբերը: «Սպասսկայա բաշնիա» միջազգային ռազմա-երաժշտական փառատոնին հատուկ շքերթային համազգեստով՝ սպիտակ ձեռնոցներով, ոսկեգույն գոտիով, քրոմե երկարաճիտք կոշիկներով և «Հայաստան» գրությամբ թևքանշանով՝ Կարմիր հրապարակով կանցնի նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը:
Ռազմական, դասական, ժողովրդական և էստրադային երաժշտության համադրություն, զինվորական երթեր ու պարային շոուներ, ցուցադրական ելույթներ զենքով, լազերային և հրատեխնիկական էֆեկտներ. այս տարի հրապարակն իր օտարերկրյա հյուրերին ընդունում է 15-րդ անգամ: Եգիպտոս, Հնդկաստան, Թաիլանդ...
Ելույթ են ունենում ռուսական և արտասահմանյան լավագույն ռազմա-նվագախմբային և ստեղծագործական կոլեկտիվներ, պետությունների ղեկավարների պատվավոր պահպանության ստորաբաժանումներ: Բացի երեկոյան շքերթից՝ փառատոնի միջոցառումների ծրագրում մասնակիցները հանդիսավոր երթով անցնում են ցուցահանդեսներում, ելույթ ունենում զբոսայգիներում և Մոսկվայի երկաթուղային կայարաններում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը կատարեց հայկական ժողովրդական, դասական, համաշխարհային գանձարանում ընդգրկված Հայաստանի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Հայկ Գրիգորյան (ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր, գնդապետ) - Տվյալ փառատոնը ցանկացած լուրջ պրոֆեսիոնալ փողային նվագախմբի համար մեծ քննություն է և մեծ պատիվ, քանի որ սա համաշխարհային փառատոն է: Նոր ստեղծագործությունների, նոր ժանրային բազմազանության, համադրության, նոր կապեր ձեռք բերելու հնարավորություն է տալիս ու փորձի փոխանակում:
Զինված ուժերի գլխավոր շտաբի նվագախումբը ստեղծվել է 1992 թվականին։ Այժմ այն մեծ ու համախմբված կոլեկտիվ է, որն ակտիվ մասնակցություն է ունենում երկրի մշակութային կյանքում, զբաղվում է ռազմահայրենասիրական ու փողային երաժշտության հանրահռչակմամբ։
Հպարտանալու շատ առիթներ ունենք՝ ասում է նվագախմբի դիրիժորը, 30-ամյա պատմության ընթացքում նվագախումբը մասնակցել է ավելի քան 2000 միջոցառման, այդ թվում՝ պետական նշանակության արարողությունների ու միջազգային փառատոների:
Միաժամանակ նվագել, քայլել ու չափ տալ հատուկ շքերթային համազգեստով այդքան էլ հեշտ չէ: Լինում են դեպքեր, երբ հուզմունքից ու շփոթմունքից տղաները լարվում են, չափ տալուն զուգահեռ փորձում եմ որսալ նրանց հայացքներն ու հանգստացնել՝ ասում է մայորը:
Արտակ Սիմոնյան (ՀՀ ԶՈՒ ԳՇ նվագախմբի պետ-զինվորական դիրիժոր, մայոր) - Եթե որևէ երաժշտի դեմքին նկատում ենք նման բան, ժպիտով միանգամից վերացնում ենք:
Հայ զինծառայողները ոգևորում են հանդիսատեսին Խաչատրյանի «Գարուն» բալետից կատարումով, այնուհետև ռիթմիկ ու թեթև «Դդմա ջազով»: Նվագախումբը ժողովրդական գործիքների նվագակցության ներքո կատարեց «Ալաշկերտի քոչարին»՝ կառուցվելով շրջան, որը խորհրդանշում է կյանքը, ընտանիքի պաշտպանությունը և զերծ պահում վտանգներից: Այնուհետև հայ զինծառայողները պատկերեցին 15՝ հռոմեական թվանշանով՝ ի պատիվ փառատոնի տասնհինգամյա հոբելյանի:
Հայաստանի ԶՈՒ նվագախմբի կազմը մեծ է, տղաները՝ ոգևորված: Մեծ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում կարողացան լուծել իրենց առջև դրված խնդիրները:
Էդվարդ Մկրտչյան (ՀՀ ԶՈՒ ԳՇ նվագախմբի ավագ երաժիշտ) - Ներկայացնում ենք այստեղ Հայաստանի Հանրապետությունը. երկիր ներկայացնելը շատ պատվավոր է, փառատոնը հնարավորություն է տալիս կայանալ որպես զինվորական նվագախմբի երաժիշտ:
Ազգային ու զինվորական մշակույթն ու ավանդույթները ցուցադրության այս մրցակցային շքերթում հայ զինվորականների պրոֆեսիոնալ կատարումները գնահատում է նաև հանդիսատեսը. տրիբունաներում պարում էին և ծափերով ողջունում տղաներին: Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հատկապես ջերմորեն արձագանքեցին Իսահակ Դունաևսկու «Իմ սիրելի մոսկվացիներ» երգին՝ նվագախմբի մեներգչուհու կատարմամբ։
Վասիլի Երանելու տաճարի մոտ երեկոյան բոլոր ներկայացումներն ավարտվում են վիթխարի հրավառությամբ։