«Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում մեկնարկել է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը, որի համատեքստում ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կիրականացվեն նախակրթարանների նոր միկրոծրագրեր:
Բոլոր մարզերում նախատեսվելիք ուսումնասիրությունները վեր կհանեն սոցիալապես անապահով այն համայնքներն ու հաստատությունները, որոնք կարող են իրականացնել նախադպրոցական կրթական ծառայություններ: Լրացուցիչ ֆինանսավորմամբ նախատեսվում է մատչելի և կայուն նախադպրոցական կրթական ծառայությունների ստեղծում ընտրված համայնքներում:
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այս գործընթացի կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով շրջայցեր են իրականացրել ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզի կրթական հաստատություններում: Վերոնշյալ մարզպետարանների համապատասխան վարչությունները ԾԻԳ են ներկայացրել այն համայնքների ցանկը, որոնցում առկա է նախակրթարան հիմնելու անհրաժեշտությունը:
ԾԻԳ-ի ներկայացուցիչները, մասնավորապես, եղել են ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկի, Լուկաշինի, Մյասնիկյանի, Բերքաշատի, Արազափի, Զարթոնքի, Անկաշենի, Այգեշատի, Դալարիկի, Երվանդաշատի միջնակարգ և Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Մուղնու, Բյուրականի, Լեռնապարի, Ագարակավանի, Թալինի, Աշնակի ուսումնական հաստատություններում:
Այցերի շրջանակում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ վերոնշյալ հաստատությունների տնօրենների հետ, որոնց ընթացքում ԾԻԳ-ի աշխատակիցները պարզաբանել են նախադպրոցական կրթության միկրոծրագրերի բնույթը, անդրադարձել միկրոծրագրերի կազմակերպման գործընթացին և դիտարկել տարածքի նպատակահարմարությունը:
Նշենք, որ ուսումնասիրությանը հաջորդելու են գնահատման և խթանման աշխատանքները: