Եվս 7 օր, և Երևանում կմեկնարկի «Սթարմուս» համաշխարհային փառատոնը. կմեկնարկի մայրաքաղաքում, բայց չի սահմանափակվի այստեղով, կտարածվի ամբողջ երկրով: Սեպտեմբերի 5-10-ը Երևանը կլինի գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության մայրաքաղաք: Փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ազդարարում է՝ փառատոնն արդեն սկսվել է:
Գարիկ Իսրայելյան («Սթարմուս» փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս) - Սկսել են արդեն սարքել, ու այսօրվանից հյուրեր են արդեն սկսել գալ, մեր աստղանկարչության դպրոցն արդեն սկսվում է:
Փառատոնի հետաքրքիր միջոցառումներից է գիտության ոչ սովորական ճամբարը: Ազատության հրապարակն արդեն սկսել է վերափոխվել, սեպտեմբերի 8-11-ը այստեղ գիտության տարափ է նախատեսվում՝ համեմված բարձրակարգ երաժշտությամբ: Տաղավարներում այցելուները կծանոթանան գիտության նվաճումներին, նորություններին ու ձեռքբերումներին: Թեմաները շատ են՝ ռոբոտաշինությունից մինչև ատոմային ֆիզիկա, բարձր տեխնոլոգիաներից մինչև աստղագիտություն. այսպես 4 տասնյակից ավելի ներկայացուցիչ: Մուտքն ազատ է:
Գարիկ Իսրայելյան - Մենք ունենք բեմ, որտեղ երաժշտություն է լինելու երեկոները, հայկական հայտնի նվագախմբերն են լինելու, արտասահմանից մի քանի խումբ: Բեմի հիմնական գաղափարը 2 նպատակ ունի, առաջինը` որ երաժշտությունը մարդկանց գրավի, բերի կենտրոն. մոտենալու են, տեսնեն` գիտական տաղավարներ են այնտեղ, առաջին անգամ է, երևի, չի եղել տենց բան:
Գիտությունն ու երաժշտությունը փոխկապակցված են՝ վստահ է «Սթարմուսի» համահիմնադիր աստղաֆիզիկոսը: Կազմակերպիչները նախատեսում են, որ 4 օրում առնվազն 50-60 հազար այցելու կմասնակցի: Այս ամենն անում են մեկ գերնպատակով՝ մարդկանց մոտեցնել գիտությանը:
Գարիկ Իսրայելյան - Մի քանի նպատակ ունի «Սթարմուսը». առաջինը՝ ոգեշնչել երիտասարդներին, մարդկանց՝ գիտությամբ զբաղվել, գնահատել գիտությունը, որ երբ պանդեմիա է սկսվում, չասեն, որ երակների մեջ չիպեր են դնում, որ իրենց հետևեն, որ նման տեսությունների չհետևեն, հասկանան տարբեր բաներ, որ գիտությունից են գալիս, վստահեն գիտությանը:
Մեր երկրում գիտության բարի համբավը և որակը վերականգնելու համար շատ անելիքներ կան՝ ասում է Իսրայելյանը, և պետք է հանրակրթությունից սկսել: Լիահույս է՝ Հայաստանում գիտական մակարդակի բարձրացմանը կնպաստի նաև «Սթարմուս» փառատոնը: