Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը Երևանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածք անվերապահ մուտքի ապահովման համար, որը կարող է մեղմել հումանիտար ճգնաժամը։ Որպես մարդասիրական առաջնահերթություն՝ անհետացումների խնդիրը պետք է ապաքաղաքականացվի և կարգավորվի։ Հակառակ դեպքում արդարությունն ու սոցիալական առողջացումը, երկարաժամկետ խաղաղությունը կմնան վերացական՝ նշված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում:
2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, իսկ Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։ Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհետ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը, և անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը։
Միջազգային մարդասիրական իրավունքը նպատակ ունի զերծ պահելու մարդկանց՝ կամայական ձերբակալությունների, կալանքի ու գերության ընթացքում խախտումների հետևանքով անհետացումներից: Հայաստանը համերաշխություն է հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տառապում են այս անմարդկային արարքներից:
ՖՍ-ԱԳՆ-Ադրբեջանը շարունակում է անտեսել Եվրադատարանի որոշումները՝ Ադրբեջանում հայ պատանդների վերաբերյալ տեղեկության տրամադրման միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, նաև Արդարադատության միջազգային դատարանի ներկայացրած հրատապ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական քաղաքականությունը։ Մենք պայքարում ենք անհետացածների իրավունքների, արդարության համար և այս հանցագործության անպատժելության դեմ։ Վերահաստատում ենք մեր հրատապ կոչը՝ վերջ դնելու բռնի անհետացումների անպատժելիությանը:
ՀՀ ՄԻՊ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԲՌՆԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալով 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած: Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ ուղերձում Հայաստանի օմբուդսմենը նշել է՝ գերիների և անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների չտրամադրման կամ դրանց աղճատման Բաքվի գործելակերպը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների հարցերի օգտագործում միջազգային մարդասիրական իրավունքով արգելված քաղաքական նպատակների համար։
Աշխարհում ընթացող հակամարտությունները բռնի անհետացումների հանցագործության համար ցավալիորեն ստեղծել են «բարենպաստ» միջավայր: Դժբախտաբար, մեր օրինակով գիտենք ու շարունակում ենք կրել 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո այս հանցագործության զոհերի ու հարազատների ցավն ու չմարող պայքարը: Այդ դեպքերին միջազգային արձագանքման մեխանիզմներն այս օրերին դրսևորում են իրենց արդյունավետության պակասը, ինչն այս ուղղությամբ բոլոր դերակատարների հետ միայն ակտիվ աշխատելու պատճառ է։ Միջազգային իրավունքով նախատեսված կանոնները կյանքի կոչելու համար, պետությունները պետք է ամրագրեն այդ նորմերը ներպետական օրենսդրությամբ և ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր դրանց գործադրման համար: Պաշտպանի աշխատակազմը պատրաստ է աշխատելու Հայաստանի կառավարության հետ անհետ կորած անձանց ու նրանց հարազատների իրավունքների ապահովման վերաբերյալ ներպետական օրենսդրության ու ինստիտուցիոնալ շրջանակի բարելավման ուղղությամբ։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում միավորել ջանքերը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ բռնի անհետացած անձանց գտնելու, նրանց և նրանց ընտանիքների իրավունքների արդյունավետ երաշխավորման ուղղությամբ։