Մարզահամերգայինը սեպտեմբերի 5-ից 5 օր կլինի նաև գիտական համալիր. հենց այստեղ կանցկացվի հեղինակավոր «Սթարմուս» փառատոնը: Ներսում նախապատրաստական եռուզեռ է՝ փակցնում են պաստառները, դահլիճները նախապատրաստում են դասախոսությունների ու համերգների համար: Աշխատանքներին հետևում է փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը:
Գարիկ Իսրայելյան («Սթարմուս» փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս) - Սթարմուս փառատոնը լինելու է միայն այստեղ, Մարսի թեման՝ միայն այստեղ: Այս ծրագրերը, այս դասախոսությունները, այս համերգները միայն մի անգամ են արվելու և միայն Հայաստանում: Մյուս տարվա «Սթրամուսին» այլ թեմաներ են լինելու, այլ դասախոսություններ, այլ երաժշտություն է լինելու:
Աստղաֆիզիկոսը փառատոնի բացառիկությունն է ընդգծում, որ մարդիկ միայն համերգների համար տոմսեր չգնեն, պարտադիր նաև դասախոսություններին մասնակցեն: Ամեն դեպքում, Իսրայելյանը մի քանի աննախադեպ համերգ է խոստանում:
Գարիկ Իսրայելյան - Օրինակ՝ Բրայեն Մեյի համերգը: Գիտեք՝ Բրայեն Մեյը գրեթե բոլոր «Սթրամուսներին» ելույթ է ունեցել, բայց երկու երգ, մեկ երգ, երեք երգ, Հայաստանում կլինեն 4, 5, 6, եթե ոչ ավելի կատարումներ, և շատ ունիկալ կատարումներ են լինելու: Օրինակ՝ մենք այստեղ պատրաստում ենք Show must go on երգի բացառիկ կատարում, որին կմասնակցի խոռ, Սերժ Թանկյանը կմասնակցի, Բրայեն Մեյի հետ բեմ դուրս կգա:
Բեմում կլինեն նաև Տիգրան Համասյանը, Գոռ Սուջյանը, Sons of Apollo խումբը, Անդրեյ Մակարևիչը, Ռիք Վեյքմանը, «Նեմրա» խումբը և այլ հայտնի արտիստներ: Որոշել են նաև Ջիվան Գասպարյանին ստեղծագործություն նվիրել՝ փակագծեր է բացում Իսրայելյանը, բայց հիշեցնում՝ բոլոր այս երաժիշտները գալիս են գիտությանը օգնելու և մոտ լինելու համար:
Գարիկ Իսրայելյան - Դասախոսությունների մի օրը կտրամադրվի Մարսին. կպատմեն՝ Մարսի վրա ընդհանրապես կյանք եղել է թե ոչ մի քանի միլիարդ տարի առաջ, օրգանական մոլեկուլները ինչպես են փնտրում, ապագայում ինչ են ուզում կառուցել Մարսի վրա, կհասնենք մարս թե չենք հասնի... Մյուս օրերի դասախոսությունները շատ տարբեր թեմաներով են՝ աստղաֆիզիկա, արհեստական ինտելեկտ, քվանտային հաշվարկներ:
Պանելային քննարկում կլինի նաև նվիրված Անդրեյ Սախարովին. թեման գիտական էթիկան է: Գարիկ Իսրայելյանը շատ հետաքրքիր ու անմոռանալի օրեր է խոստանում: Աշխարհը սպասում է նաև Սթիվեն Հոքինգի մեդալի այս տարվա դափնեկրին:
Գարիկ Իսրայելյան - Նախկինում Սթիվեն Հոքինգի մեդալ են շահել Հան Զիմերը, Ժան Միշել Ժարը: Իլոն Մասկը մեդալի վերջին շահողն է եղել, այսինքն՝ այնպիսի բարձր ստանդարտ է դրված, որ էն մարդիկ են, որ գիտությունը ժաղովրդին բերելու բեռն են կրում:
Իսրայելյանը վստահեցնում է՝ գիտության հետ է կապված ամեն ինչ՝ այն ամենը, ինչ օգտագործում ենք կենցաղում, առօրյայում, նույնիսկ՝ ապագան: Այս տեսությունն ապացուցում է հենց «Սթարմուս» փառատոնը: