ԵՎՐՈՊԱՆ ԶԵՆՔԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԿԻԵՎԻՆ. ԲՈՐԵԼ
Եվրամիությունն աշխատանքային խումբ է ստեղծել, որը կուսումնասիրի՝ կարող են արդյոք Միության անդամ երկրները համալրել զենքի պաշարները համատեղ ռազմական պատվերների միջոցով՝ հայտարարել է կառույցի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նա հավելել է, որ Եվրոպան իր զենքի պաշարների մեծ մասը տրամադրել է Կիևին:
Բորելը նաև տեղեկացրել է, որ ԵՄ 27 երկրների պաշտպանության նախարարները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ռազմական աջակցություն տրամադրելու Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
Դիվանագետը հորդորել է չհավատալ այն տեղեկություններին` իբր Ուկրաինային զենքի մատակարարումը կրճատվել է, հավատացրել՝ օգնության հոսքը նույնիսկ ավելացել է։
Բորելի խոսքով՝ Եվրամիության անդամ երկրների որոշ ԱԳ նախարարներ հանդես են եկել հակառուսական պատժամիջոցները վերանայելու առաջարկով, սակայն մեծամասնությունը կողմ չէ նման հեռանկարին:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ
Ուկրաինայում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։ Փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին դեսպանին մտահոգություն է հայտնել ռուսական նավով Սիրիայից Ռուսաստան հրթիռային համալիրների տեղափոխման վերաբերյալ տեղեկության կապակցությամբ՝ ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Թուրք դեսպանին ներկայացվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության բանավոր նոտան։
Փոխնախարարը հույս է հայտնել, որ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների և ինքնիշխանության ճանաչման, աջակցության հարցում հետևողական դիրքորոշման համաձայն՝ թուրքական կողմը խստորեն կհետևի ռազմական գործողությունների ընթացքում ռազմանավերի համար Սևծովյան նեղուցները փակելու մասին 2022 թ. փետրվարի 28-ի որոշմանը:
ՄԱԳԱՏԷ-Ի ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԿԻԵՎ
Զապորոժիեի ԱԷԿ ուղևորվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության կազմում ներգրավված են 10 երկրի ներկայացուցիչներ: Նրանց թվում ռուս և ուկրաինացի մասնագետներ չկան՝ հայտնում են ՄԱԿ-ից։
Նշվում է, որ առաքելության փորձագետները կուսումնասիրեն ԱԷԿ-ի միջուկային անվտանգությունը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունն արդեն Կիևում է, կազմակերպության տնօրենին և փորձագետներին ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին:
Լրատվամիջոցների տվյալով՝ պատվիրակությունը Զապորոժիեի ատոմակայան մուտք կգործի Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքով։
Մինչ այդ կայանի թիրախավորումը շարունակվում է. Կիևը և Մոսկվան մեղադրում են իրար ԱԷԿ-ը հրթիռակոծելու և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը խափանելու փորձերի համար։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԶՈՒ-Ն ԽԵՐՍՈՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ
Ուկրաինական կողմը չի հաստատում և չի հերքում CNN-ի տեղեկությունն այն մասին, որ Խերսոնի շրջանի 4 գյուղ վերադարձվել է Կիևի վերահսկողության տակ:
«Ինձ մտահոգում է գյուղերի բնակիչների և այդ տարածքների համար կռվող ստորաբաժանումների ճակատագիրը, ուստի դեռ ոչինչ չենք հաստատում»,- հայտարարել է Ուկրաինայի «Հարավ» պաշտպանական ուժերի մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը:
Մեկնաբանելով Խերսոնի շուրջ իրավիճակը՝ նա նշել է, որ մարտերը շարունակվում են, Ուկրաինայի զինված ուժերը փորձում են բարելավել դիրքերը՝ ռուսական կողմի առաջխաղացումը կանխելու համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է՝ Ուկրաինայի զինված ուժերը գործողություններ են իրականացրել Խերսոնի և Նիկոլաևի շրջանների ուղղությամբ։ Գերատեսչության տվյալով՝ ռուսական կողմը մեծ կորուստներ է հասցրել ուկրաինական բանակի ստորաբաժանումներին։