ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դատարանի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Նախնական տեղեկություններով՝ 2022 թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդ պահին ընթացող քրեական դատավարությանը մասնակից անձանց կողմնակիցների միջև, նշված դատարանի բակում, տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել կայանված ավտոմեքենաներին ու դրանց ուղևորներին, ինչը նկատել են նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ԵՔՎ ծառայողները, ովքեր անմիջապես մոտեցել են, օրենքով սահմանված կարգով ներկայացել և պահանջել չխախտել հասարակական կարգը և դադարեցնել հակաօրինական գործողությունները: Ի պատասխան ոստիկանների օրինական պահանջին՝ վերոնշյալ անձինք հայհոյել են, իսկ նրանցից մեկը հարվածել է ոստիկանին, որից հետո դիմել են փախուստի։
Քրեական վարույթի շրջանակներում կատարվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առերեսումներ, առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:
Իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալներ և տեղեկություններ, պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանցից վեցի ինքնությունը, որոնց նկատմամբ, բավարար ապացույցների համակցությամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդում իրականցնելու մասին որոշումներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջիններիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց հիշյալ վեց անձանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը, որոնցից երեքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: