Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Մոտ 7.5 կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհի մոտ 6 կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին։ Հընթացս ճանապարհը կկահավորվի՝ կտեղադրվեն անվտանգության տարրերը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին։
Շինարարական աշխատանքները կատարում է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Նոր կառուցվող ճանապարհը Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը կապում է Կապանի հետ։
Ճանապարհի կառուցումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։