ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԶՈՒ-Ն ԽԵՐՍՈՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ
Ուկրաինական կողմը չի հաստատում և չի հերքում CNN-ի տեղեկությունն այն մասին, որ Խերսոնի շրջանի 4 գյուղ վերադարձվել է Կիևի վերահսկողության տակ:
«Ինձ մտահոգում է գյուղերի բնակիչների և այդ տարածքների համար կռվող ստորաբաժանումների ճակատագիրը, ուստի դեռ ոչինչ չենք հաստատում»,- հայտարարել է Ուկրաինայի «Հարավ» պաշտպանական ուժերի մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը:
Մեկնաբանելով Խերսոնի շուրջ իրավիճակը՝ նա նշել է, որ մարտերը շարունակվում են, Ուկրաինայի զինված ուժերը փորձում են բարելավել դիրքերը՝ ռուսական կողմի առաջխաղացումը կանխելու համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է՝ Ուկրաինայի Զինված ուժերը գործողություններ են իրականացրել Խերսոնի և Նիկոլաևի շրջանների ուղղությամբ։ Գերատեսչության տվյալով՝ ռուսական կողմը մեծ կորուստներ է հասցրել ուկրաինական բանակի ստորաբաժանումներին։
ԹԲԻԼԻՍԻՆ ԿՄԻԱՆԱ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՆ
Թբիլիսին պատրաստվում է միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին, Եվրամիությանն ինտեգրման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում՝ տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հավելել, որ Վրաստանի խորհրդարանը պետք է հաստատի օրենսդրական համապատասխան փոփոխությունները:
«Եվրամիություն փոխանցումների համար այլևս կարիք չի լինի դիմել միջնորդ բաների օգնությանը, դա դրական փոփոխություն է մեր քաղաքացիների համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՅՎԱՆԻՆ
Միացյալ Նահանգները մտադիր չէ ընդունել Թայվանի մերձակայքում Չինաստանի ռազմական ակտիվությունը և կշարունակի անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերել կղզուն՝ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
Նա հավատացրել է՝ Վաշինգտոնը չի հրաժարվում «մեկ Չինաստանի» քաղաքականությունից և չի աջակցում Թայվանի անկախությանը: Քիրբին չի հաստատել այն տեղեկությունը, թե Չինաստանը Թայվանի օդային տարածքում անօդաչու թռչող սարքեր է կիրառել:
Ավելի վաղ Politico պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը մտադիր է Կոնգրեսին խնդրել հավանություն տալ Թայվանին 1,1 մլրդ դոլարի զենքի վաճառքին: Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ Լյու Փենյուն պահանջել էր, որ ԱՄՆ-ը անհապաղ դադարեցնի զենքի վաճառքը Թայվանին՝ նշելով, որ դա խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը:
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 1000 ՄԱՐԴ
Պակիստանում գրանցվել են վերջին տասնամյակների ընթացքում ամենահորդառատ անձրևները: Ջրհեղեղների հետևանքով մահացել է ավելի քան հազար մարդ, ընդհանուր առմամբ տուժել է 33 միլիոն մարդ: Տարհանվածներից շատերը պատսպարվել են ճանապարհների չոր հատվածների երկայնքով տեղադրված ժամանակավոր տնակներում: Վնասվել են բնակելի շենքեր, շուրջ 3000 կմ ճանապարհ և 129 կամուրջներ՝ սահմանափակելով հասանելիությունը դեպի ավերված տարածքներ։
Պակիստանի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել։ Մի շարք երկրներ շարունակում են հումանիտար օգնություն տրամադրել Պակիստանի բնակչությանը: