Միացյալ Նահանգները չի պատրաստվում ընդունել Թայվանի մերձակայքում Չինաստանի ռազմական ակտիվությունը և մտադիր է շարունակել անվտանգության ոլորտում օգնություն ցուցաբերել կղզուն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
Նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվում «մեկ Չինաստանի» քաղաքականությունից և չի աջակցում Թայվանի անկախությանը:
«Ոչինչ չի փոխվել նաև այն առումով, որ մենք կշարունակենք անել ամենը, ինչ թույլատրված է ամերիկյան օրենսդրությամբ, որպեսզի օգնենք Թայվանին՝ պաշտպանելու իրեն, ինչպես նաև պաշտպանենք մեր ազգային անվտանգության շահերը տարածաշրջանում»,- հավելել է Քիրբին։
Պաշտոնյան չի հաստատել այն տեղեկությունը, որ Չինաստանը Թայվանի օդային տարածքում անօդաչու թռչող սարքեր է կիրառել:
Ավելի վաղ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ Լյու Փենյուն պահանջել է, որ ԱՄՆ-ը անհապաղ դադարեցնի զենքի վաճառքը Թայվանին՝ նշելով, որ դա խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը:
Politico պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը մտադիր է Կոնգրեսին խնդրել հավանություն տալ Թայվանին 1,1 մլրդ դոլարի զենքի վաճառքին: Այդ փաթեթը, պարբերականի տվյալով, ներառելու է 60 AGM-84L Harpoon Block II հականավային հրթիռները, 100 տակտիկական հրթիռներ AIM-9X Block II Sidewinder և այլն: