Օգոստոսի 31-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի բանակցությունները՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Նախարարները հատուկ ուշադրություն կդարձնեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, որի վերականգնման շուրջ բանակցային գործընթացը մոտենում է ավարտին:
Անդրադարձ կլինի նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության համատեքստում։
Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կհստակեցնեն դիրքորոշումները տարածաշրջանային այլ արդիական հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ իրադրությունը Կասպից ծովում, Աֆղանստանում, Հարավային Կովկասում, Պարսից ծոցի գոտում, Եմենում, ինչպես նաև կանդրադառնան մերձավորարևելյան կարգավորմանը: