Մոսկվան և Թեհրանը խորացնում են երկկողմ հարաբերությունները: Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանում Ռուսաստանի դեսպան Լևան Ջաղարյանը՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը երկարաժամկետ համապարփակ համագործակցության համաձայնագիր են պատրաստում. երկու երկրների արտգործնախարարությունները փոխանակել են այդ փաստաթղթի նախագծերը։
Դեսպանը տեղեկացրել է, որ ՌԴ մի քանի սուբյեկտի ղեկավարներ միջտարածաշրջանային մակարդակով շփումների զարգացման շրջանակներում ծրագրում են մինչև տարեվերջ այցելել Իրան:
«Ես լավատեսորեն եմ տրամադրված և ակնկալում եմ, որ 2023 թ. սկզբին մենք կհասնենք փոխգործակցության շատ ավելի բարձր մակարդակի։ Ուզում եմ ասել, որ մենք համագործակցում ենք ոչ միայն երկկողմ ձևաչափով. ակտիվ դերակատարություն ունեն մեր մարզերը, միջմարզային շփումները, և այս տարի մենք արդեն մինչև տարեվերջ ակնկալում ենք պատվիրակությունների շատ ակտիվ փոխադարձ այցեր»,- ասել է Ջաղարյանը։
Նա նաև նշել է, որ Թեհրանում փորձագետները մանրամասն ուսումնասիրում են Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Միացյալ Նահանգների առաջարկները, սակայն դրանց արագ պատասխան ակնկալել պետք չէ: Դեսպանի խոսքով՝ միջուկային գործարքի վերաբերյալ ընդհանուր տրամադրվածությունը բավական լավատեսական է։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացրել էին, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ օգոստոսի 31-ին կքննարկի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը, ինչպես նաև էներգետիկայի ու տրանսպորտի բնագավառում ՌԴ-ի և Իրանի համատեղ նախագծերը: