Տարածաշրջանային գործակցության «3+3» ձևաչափով Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ` Իրանում, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանը։
«Այս հարթակը շատ արդյունավետ է: Սա լավ հնարավորություն է տարածաշրջանի երկրների համար՝ միասին իրականացնելու տարբեր նախաձեռնություններ և համակարգելու գործողությունները»,- նշել է Սեյյեդ Աբբաս Մուսավին։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունն ուղևորվել է Ուկրաինա։ Զապորոժիեի ԱԷԿ նրանք մուտք կգործեն Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքից։ The New York Times-ի տվյալով՝ պատվիրակության կազմում ընդգրկված է 13 փորձագետ Լեհաստանից, Լիտվայից, Չինաստանից, Սերբիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից։ Ամերիկացի և բրիտանացի մասնագետներ ցանկում չկան։ Նշվում է, որ պատվիրակությունը ԱԷԿ-ում կաշխատի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը: Գրոսսին նշել է՝ որոշ փորձագետներ առաքելության ավարտից հետո կարող են մնալ կայանում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան կարևորում է առաքելության անցկացումը ռուսական ուժերի կողմից վերահսկվող Զապորոժիեում, նա տեղեկացրել է, որ կազմակերպության փորձագետներն ատոմակայան մուտք կգործեն Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքից։ Պեսկովն ընդգծել է, որ ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին խոսք չկա։
Ռուսական և ուկրաինական կողմերը դեռևս շարունակում են մեղադրել իրար կայանին ավիահարվածներ հասցնելու համար. տեղական իշխանությունների տվյալով՝ ԱԷԿ-ի շրջակայքում ռադիացիայի ֆոնը նորմայի սահմաններում է։
Շիա ազդեցիկ իմամ Մուկթադա աս-Սադրը հայտարարել է, որ հեռանում է Իրաքի քաղաքական դաշտից։ Նա նշել է, որ «իր շարժման աջակիցների հիմնական կառույցները դադարեցնում են աշխատանքը»:
Իմամի հայտարարությունից հետո նրա հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել են Բաղդադի կառավարական «կանաչ գոտի», մասնավորապես՝ Հանրապետական պալատ, որտեղ գտնվում է կառավարության շտաբը։ Անվտանգության ուժերը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել, կան վիրավորներ։ Երկրի վարչապետը դիմել է աս-Սադրին՝ օգնելու կարգուկանոն հաստատելու հարցում. իմամը, սակայն, դեռևս լռում է։ Իրաքի բանակը պարետային ժամ է սահմանել, սակայն անկարգությունները և բախումները դեռ շարունակվում են։
Աս-Սադրի կողմնակիցները, որոնք խորհրդարանում կազմում էին ամենամեծ բլոկը, հունիսին վայր դրեցին իրենց մանդատները: Նրանք պահանջում էին ցրել խորհրդարանը և նոր ընտրությունների ամսաթիվ նշանակել: Օգոստոսի 30-ին Իրաքի Դաշնային դատարանը պետք է քննարկեր խորհրդարանը ցրելու մասին շիա առաջնորդի շարժման հայցը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը աջակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ «եվրոպական քաղաքական համայնք» ստեղծելու գաղափարին, նշել՝ դա թույլ կտա ԵՄ երկրներին՝ ավելի սերտ երկխոսության մեջ մտնել Միության անդամ չհանդիսացող գործընկերների հետ։
«Արևմտյան Բալկանների երկրները, Ուկրաինան, Մոլդովան և ապագայում՝ Վրաստանը պետք է դառնան ԵՄ-ի մաս»,- համոզմունք է հայտնել Շոլցը։ Նրա կարծիքով՝ դա «բխում է Եվրամիության շահերից»։
Կանցլերը հավատացրել է, որ «եվրոպական քաղաքական համայնքը» այլընտրանք չէ ԵՄ-ին անդամակցությանը։