ԱՄՆ իշխանությունները կոչ են անում ժամանակավորապես դադարեցնել Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքը՝ նվազագույնի հասցնելու ճառագայթման վտանգը՝ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Ռուսաստանը պետք է ապահովի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների անվտանգ և անարգել մուտքն ատոմակայան: Նաև կարծում ենք, որ Ռուսաստանը պետք է համաձայնի կայանի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծմանը»,- ընդգծել է Քիրբին, հավելել՝ Վաշինգտոնը լիովին աջակցում է ԱԷԿ-ում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությանը:
Առաքելությանն աջակցում է նաև Մոսկվան, սակայն ապառազմականացված գոտի ստեղծելու մասին խոսք չկա՝ նախօրեին հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նաև տեղեկացրել է, որ գործակալության փորձագետներն արդեն ուղևորվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիե, սակայն ատոմակայան մուտք կգործեն Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքից։
Իրավիճակը ԱԷԿ-ի շուրջ դեռևս լարված է, տեղեկություններ են ստացվում ատոմային օբյեկտի թիրախավորման մասին, Կիևը և Մոսկվան շարունակում են հանդես գալ փոխադարձ մեղադրանքներով։ Վերջին տվյալով՝ տարածաշրջանում ռադիացիայի ֆոնը նորմայի սահմաններում է։