Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը ուղեկցել եմ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղի հյուսիսային հատվածում` Սևանա լիճը գոտևորող անտառի հարևանությամբ կառուցված արևային ֆոտովոլտային կայաններ: Այդ մասին ասված է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:
«Արևային կայաններից մեկի դրվածքային հզորությունը կազմում է 5050 կիլովատ-ժամ, որի կառուցման համար ներդրվել է 3 միլիոն 420 հազար ԱՄՆ դոլար։ Կայանը զբաղեցնում է 8 հեկտար հողատարածք:
Նույն տարածքում է գտնվում նաև երկրորդ կայանը, որը զբաղեցնում է 7,5 հեկտար հողատարածք, հզորությունը կազմում է 5600 կիլովատտ-ժամ: Այս կայանի կառուցման համար ներդրվել է 3 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլար։
Օմսկի գործընկերների հետ քննարկեցինք հեռանկարային համարվող այս ճյուղը, որը մեր մարզում առաջ է շարժվում բավականին հուսալի տեմպերով՝ միաժամանակ ենթադրելով նոր խոշոր ներդրումներ ու տնտեսության զարգացում։ Քննարկեցինք նաև համագործակցային մի շարք ծրագրեր, որոնք կարող են առաջիկայում դրվել գործողության մեջ և ապահովել փոխշահավետ համագործակցություն:
Խոսվեց նաև կայանների տարածքում տեղադրված վահանակների շնորհիվ առաջացած առատ բուսածածկույթի` որպես արոտավայր ծառայելը ոչխարի հոտերի համար։ Ասել է թե, արևային կայանների կառուցմամբ ոչ միայն չեն կրճատվում գյուղնշանակության հողերը կամ արոտավայրերը, այլև շարունակում են ավելի արդյունավետորեն ծառայել իրենց նպատակին»,- նշված է գրառման մեջ: