Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում երեք ամիս տևած ուսումնասիրության արդյունքները: ՊՎԾ ծառայողները բուհում առերևույթ խախտումներ են հայտնաբերել:
Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ ՊՎԾ ղեկավար) - Շուրջ 25 աշխատակիցներ պրոֆեսորադասախոսական կազմից, ֆիզիկապես բացակայելով հանրապետությունից, չի արձանագրվել կադրերի ստորաբաժանումում այդ բացակայությունը, համարվել են իրենց աշխատանքը կատարած և ներկա ռեժիմում և վարձատրվել ամբողջական դրույքներով այդ աշխատակիցները:
Ուսումնասիրվել են 2020-2021 թվականների փաստաթղթերը, խախտումներ հայտնաբերվել ոչ միայն դասախոսների, այլև՝ ուսանողների մասնակցությամբ:
Ռոմանոս Պետրոսյան - 12 ուսանողների տվյալներ, ովքեր նույնպես ֆիզիկապես բացակայել են հանրապետությունից, ուսումնական պրոցեսը ամբողջական է ներկայացվել, և ավարտական վկայականներ են ստացել:
Մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից «Լուրերին» հայտնեցին՝ հիմնադրամի 15 աշխատակցի և 12 ուսանողի ֆիզիկական բացակայությունը պայմանավորված է եղել Կառավարության և ԿԳՄՍ նախարարության՝ համավարակի շրջանում դասերի անցկացումը հեռավար ճանապարհով կազմակերպելու որոշմամբ։
Դրա համաձայն՝ թե՛ դասավանդումը, թե՛ ուսանողների մասնակցությունը դասաժամերին վերջիններիս ֆիզիկական ներկայությունը չէր պահանջում։ Նշված ժամանակահատվածում բոլոր դասաժամերը տեղի են ունեցել ըստ ուսումնական պլանի։
Պետական վերահսկողական ծառայության հայտարարությունում նշվում է նաև հիմնադրամի տրանսպորտային միջոցի վառելիքի ամսական ծախսի մասին հաշվետվություններում ներառված՝ իրականությանը չհամապատասխանող տվյալների ու հիմնադրամի հաշվեկշռից դուրս գրված և ուղղակի վաճառքի եղանակով օտարված տրանսպորտային միջոցի մասին:
Հիմնադրամի տրանսպորտային վառելիքի ծախսի մասին ամսական հաշվետվությունը իրականությանը չհամապատասխանելու հետևանքով՝ պատասխանատուն` տրանսպորտի վարչության պետը, ազատված է աշխատանքից։ Իսկ ուղղակի վաճառքով տրանսպորտային միջոցի օտարումը կատարված է՝ համաձայն գործող կարգի (անկախ մարմնի կողմից գնահատում և օրենքով նախատեսված մյուս գործառույթներ)։
Կարծիք ստանալու համար ուսումնասիրության վերաբերյալ տեղեկությունները ՊՎԾ-ն ներկայացրել է բուհի ղեկավարությանը, Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ որոշ շտկումներ են արվել հայտնաբերված թերություններում, որոնք բավարարել են վերահսկողական ծառայությանը:
Ռոմանոս Պետրոսյան - Մեր ծառայության նպատակն է ոչ միայն պետական միջոցների կառավարման օրինականությունը վերահսկել, այլ նաև արդյունավետությունը:
Համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են գլխավոր դատախազություն, Հակակոռուպցիոն կոմիտեում էլ դրանց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: ՊՎԾ պետը նշում է՝ ուսումնական հաստատություններին վերաբերող հանրային գնումները մշտապես իր ղեկավարած կառույցի ուշադրության կենտրոնում են, առաջիկա ամիսներին կամփոփվեն նաև Բրյուսովի անվան պետական համալսարանում ընթացող ուսումնասիրության արդյունքները:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան