Օգոստոսի 22-29-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1932 զանգ, որից 1812-ը՝ ճանաչողական բնույթի: Մեծաքանակ զանգերի պատճառը օգոստոսի 25-ին մայրաքաղաքի «Պլատոչնի» տեղանքում բռնկված հրդեհի և ուղեկցող պայթյունների հետ է կապված:
Նախորդ շաբաթվա համեմատ կտրուկ աճել է հրդեհների քանակը, որը պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ և դրան զուգահեռ՝ քաղաքացիների անուշադրության հետևանքով: Շաբաթվա ընթացքում հանրապետությունում հրդեհի 58 դեպք է գրանցվել, հիմնականում չոր խոտածածկույթներում և ենթատարածքներում: Հրշեջ փրկարարները ժամանակին իրականացրել են շիջման և մարման աշխատանքներ, նվազագույնի հացրել նյութական և գույքային կորուստները:
Շաբաթվա արտակարգ դեպքը գրանցվել է օգոստոսի 25-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի 20 հասցեում, որտեղ տեղակայված են եղել մի քանի արտադրական ընկերություններ, այդ թվում՝ թթվածնային սարքավորումների արտադրամաս:
Առաջացած հրդեհին անմիջապես հաջորդել են պայթյուններ, ինչը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծել: ՆԳՆ ծառայողների շնորհիվ հնարավոր է եղել կանխել վտանգը:
Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարները, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն ու սակրավորները՝ ղեկավար կազմի ցուցումներով ու գործուն մասնակցությամբ, իրականացրել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները և լիկվիդացրել կրակը:
Կենցաղային բնույթի 11 պատահարներից 9-ի դեպքում փրկարարները կատարել են փակված դռան 8 և 1 վերելակի բացում: ԱԻ ծառայողների օգնությամբ առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացի տեղափոխվել է բժշկական հաստատություն:
Սակրավորական խմբերը հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման ուղղությամբ:
Յոթ օրվա ընթացքում Ստեփանակերտի հարակից տարածքներից և շրջաններից հայտնաբերվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 218 ռազմամթերք: