ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՀԱՋԻԵՎԻՆ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները բացահայտ արհամարհել են կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը, ինչը, նրա կարծիքով, պետք է գնահատել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում։ Հաջիևը նաև ընդգծել էր, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որևէ ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։
«Միացյալ Նահանգները կարծում է, որ մշտական երկխոսության, փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, կարող ենք անել հնարավորը՝ օգնելու հասնել կայուն և համապարփակ խաղաղության։ Չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան Վաշինգտոնը։ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելել են և այցելում են Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
Ավելի վաղ Բաքվից հնչող հայտարարություններին արձագանքել էր նաև ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը՝ հիշեցրել, որ Մինսկի խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի:
ԱՄՆ-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀՀ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՈՉ ՊԱԿԱՍ, ՔԱՆ 60 ՄԼՆ ԴՈԼԱՐ
ԱՄՆ Հատկացումների հանձնաժողովը ներկայացրել է պետքարտուղարության՝ 2023 թ. սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա արտաքին գործառնություններին և հարակից ծրագրերին ուղղված ֆինանսական հատկացումների վերաբերյալ զեկույցը։
Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի տնտեսական և մասնավոր ոլորտի զարգացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ նպատակների համար նախատասվում է տրամադրել ոչ պակաս, քան 60 մլն դոլար:
«Նախատեսվում է նաև 2 մլն դոլար Լեռնային Ղարաբաղի ականազերծման համար։ Հանձնաժողովը մտահոգված է հումանիտար հարցերի վրա ղարաբաղյան հակամարտության ազդեցությամբ և դրանից բխող մարտահրավերներով բնակարանային, սննդի, անվտանգության, ջրային, սանիտարական, առողջապահության և այլ ոլորտներում», - ասված է զեկույցում։
ԱՏՈՄԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՇԱԲԱԹ ԿԼԻՆԻ ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ-ՈՒՄ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ կազմակերպության առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում կլինի արդեն այս շաբաթ։
The New York Times-ի տվյալով՝ պատվիրակության կազմում ընդգրկված է 13 փորձագետ Լեհաստանից, Լիտվայից, Չինաստանից, Սերբիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և այլ երկրներից։ Ամերիկացի և բրիտանացի մասնագետներ ցուցակում չկան։ Գրոսսին ընդգծել է՝ անհրաժեշտ է պաշտպանել Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից պարզաբանել են, որ առաքելության անդամները գնահատելու են կայանին հասցված վնասը, անվտանգության համակարգերի գործունակությունը, ատոմակայանի անձնակազմի աշխատանքային պայմանները և հրատապ միջոցներ են ձեռնարկելու՝ ապահովելու ատոմակայանի անվտանգությունը։
Մինչ այդ ռուսական կողմի վերահսկողության տակ գտնվող ԱԷԿ-ի շուրջ լարված իրավիճակը պահպանվում է, կողմերը իրար են մեղադրում կայանին հարվածներ հասցնելու համար: Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի բնակելի թաղամասերին, ինչի հետևանքով վիրավորվել է շուրջ 9 խաղաղ բնակիչ: Ուկրաինական կողմն էլ ռուսական ուժերին է մեղադրել Խարկովի կենտրոնական հրապարակը հրթիռակոծելու համար։
ՍԵՐԲԻԱՆ ԵՎ ԿՈՍՈՎՈՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Սերբիան և Կոսովոն կարգավորել են սահմանը հատելու համար ավտոմեքենաների համարանիշների և փաստաթղթերի հետ կապված հարցը։
«Եվրամիության աջակցությամբ երկխոսության շրջանակում Սերբիան համաձայնել է վերացնել մուտքի և ելքի փաստաթղթերը Կոսովոյի բնակիչների համար, իսկ Կոսովոն համաձայնել է նման արգելք չմտցնել սերբական փաստաթղթեր և համարանիշներ ունեցող անձանց համար»,- մանրամասնել է Բորելը և շնորհավորել կողմերին խնդրի կարգավորման կապակցությամբ։
Բորելն անդրադարձել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների հետևանքներին։
«Մենք սահմանափակում ենք Ռուսաստանի տնտեսական հնարավորությունները: Սակայն կարճաժամկետ կտրվածքով մենք էլ ենք բախվում մեծ մարտահրավերների: Գազի գները բարձրանում են»,- մտահոգություն է հայտնել դիվանագետը:
Բորելը հիշեցրել է նաև, որ ԵՄ արտգործնախարարները օգոստոսի 30-ին Պրահայում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կքննարկեն Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման ընթացակարգը։
«Ռուսներին շենգենյան վիզաների տրամադրման ամբողջական արգելքը ԵՄ-ում միաձայն աջակցություն չի ստանա»,- համոզմունք է հայտնել Միության ներկայացուցիչը։