Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը:
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության և Ճապոնիայի կողմից Լոռու մարզում իրականացվող աջակցության ծրագրերի համար, բարձր գնահատելով իրականացվող ներդրումների արդյունավետությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների զարգացման ու խորացման կարևորությունը և հույս հայտնել, որ դեսպանի այցը նոր ծրագրերի սկիզբ կլինի տարբեր բնագավառներում կապերի հաստատման ու ընդլայնման համար:
Ֆուկուշիմա Մասանորին իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և մարզում իրագործվող ծրագրերի շրջանակներում աջակցության և պատրաստակամության համար և առաջարկել է քննարկել, թե ինչպես կարելի է Ճապոնիայի մարզերի և Լոռու մարզի միջև համագործակցության եզրեր գտնել՝ երկկողմ հարաբերությունների առավել սերտ զարգացման համար:
Լոռու մարզպետը բարձրաստիճան դիվանագետին է ներկայացրել մարզի հնարավորությունները և ընդգծել, որ միջմարզային մակարդակով ամուր կապերի ստեղծումը երկու երկրների միջև առավել կնպաստի բարեկամական երկրների հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակել են խորհրդանշական նվերներ: