Էջմիածնի 7-րդ դպրոցի հանդիսությունների սրահն ու մարզադահլիճն այնքան վատ վիճակում էին, որ բեմադրիչներից մեկը կատակով նույնիսկ առաջարկել էր պատերազմական թեմայով ֆիլմի որոշ դրվագներ այդտեղ նկարահանել: Դպրոցը միջոցառումների ժամանակ խնդիրներ մշտապես է ունեցել:
Կարինե Ավդալյան (Էջմիածնի 7-րդ դպրոցի փոխտնօրեն) - Ծնողների, ուսուցիչների օգնությամբ դպրոցի որևէ սենյակ էինք կահավորում, որ միջոցառում անեինք:
Վթարային դահլիճները հիմնանորոգելն անհնար էր: Հարկավոր էր հիմնովին քանդել ու նորը կառուցել: Այդ խնդրանքով դպրոցի ղեկավարությունը բազմիցս դիմել է վերադասին. անցած տարի Կառավարությունը հաստատեց ծրագիրը ու հիմքից դահլիճներ կառուցելու համար ավելի քան 230 մլն դրամ հատկացրեց:
200 հանդիսատեսի համար նախատեսված հանդիսությունների սրահում հնարավոր կլինի ներկայացումներ ու կինոդիտումներ կազմակերպել, այլ միջոցառումներ անել: Մեծ ու լուսավոր դահլիճը կօդափոխվի, կջեռուցվի, կունենա ընդարձակ բեմ ու հետնաբեմ: Մարզադահլիճը ևս ժամանակակից տեսք կունենա, տաք ու սառը ջրով ցնցուղարաններ ու ֆիթնես սրահ կլինեն: Իսկ մարզումների համար երեխաներն անհրաժեշտ գույք կունենան:
Վարուժան Հայրապետյան (Էջմիածնի 7-րդ դպրոցի տնօրեն) - Երբ նախագիծը նայում եմ, հոգիս փառավորվում է: Այնպիսի սրահ է լինելու, որ օգնելու է երեխաներին մշակութային կյանքի, արվեստի զարգացման: Պատկերացնում են՝ ինչքան սպորտային խմբակներ կբացվեն, ծնողներ կմասնակցեն:
Մոտ 10 տարի առաջ դպրոցը 138 աշակերտ ուներ, փակման եզրին էր: Հիմա 600-ի շեմն անցել է: Միայն նախակրթարանում 90 սովորող կա: Հենց նրանց ու տարրական դասարանների երեխաների համար այս տարի առաջին անգամ կգործի «Դպրոցական սնունդ» ծրագիրը:
Քանի որ ճաշարանն ու խոհանոցը ևս անմխիթար վիճակում էին, հիմնանորոգման խնդիր ծագեց: Առաջարկ եղավ ներդրման ծախսը բաժանել. կառավարությունը շինանյութն ու սարքավորումները կտրամադրի, իսկ կրթօջախն իր տնտեսած միջոցներով խոհանոց ու ճաշարան կկառուցի:
Մարզպետարանից հրահանգել են, որ սեպտեմբերի առաջին 2 շաբաթը, մինչև ավարտին կհասցվի խոհանոցի ու ճաշարանի նորոգումը, երեխաներին չոր սնունդ տան: Իսկ հանդիսությունների և մարզադահլիճները պատրաստ կլինեն եկող տարվա օգոստոսին: