Երևանում թափառող շների կծելու դեպքերի մասին ահազանգերն ու բուժօգնության համար առողջապահական հաստատություններ դիմողների թվերը չեն համապատասխանում: Շների մասին հերթական անգամ բարձրաձայնվեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Հարություն Առաքելյան («Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար) - Անցնող ամսվա ընթացքում Երևանում թափառող կենդանիների կողմից կծման դեպքերի վերաբերյալ ստացվել է 14 ահազանգ, որից 11-ին տրվել է համապատասխան լուծում: 3-ն ընթացքի մեջ են:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը փաստեց՝ բուժհաստատություններ դիմելու դեպքերը 40-ն են: Ավելի վաղ հանձնարարել էր վերլուծել ու պարզել անհամապատասխանության պատճառը: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» և առողջապահության ոլորտի գործընկերների միջև արդյունավետ գործակցությունը դեռ չի ստացվել, և անհրաժեշտ տվյալները չեն փոխանցվել: Չի բացառվում, որ շունը կծում է մարզում, բուժօգնության դիմում են Երևանում: Բայց դա պետք է պարզել:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Գիտեմ, որ չեն տալիս ձեզ, նոր ակնհայտ պարզ դարձավ, որ չեն տալիս, ընթացքի մեջ է: Սաղ ընթացքի մեջ է: Անցնենք առաջ: Էս հանձնարարականը հաջորդ շաբաթ զեկուցեն:
Մեկ այլ խնդիր. քաղաքապետարանն արձանագրել է, որ բետոնախառնիչ մեքենաները աղտոտում են քաղաքը: Այս ոլորտի տնտեսվարողների հետ հանդիպում է կազմակերպվել, քննարկել են հարցը:
Կամո Արեյան (Երևանի քաղաքապետի խորհրդական) - Արդյունքում բոլորը միաձայն խոստովանել են, որ պրոբլեմը իրենց՝ վարորդների մոտ է, մեքենան ոչ ճիշտ շահագործելու մեջ է պրոբլեմը, կանգառները, տեղից շարժելը, թեք հարթությունների վրա կանգնելու ձևը, անհրաժեշտ արագությունը, այնուհետև լվացումը բեռնումից առաջ:
Հանձնարարվել է կարգավորել խնդիրը: Բայց Արեյանը թերահավատ է: Որպես լուծում առաջարկվեց տուգանքի չափի ավելացումը: Գործող օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտման համար սահմանված վարչական պատասխանատվության չափը այժմ 30 հազար դրամ է:
Օրենսդրական հիմքեր ստեղծելու ուղղությամբ կաշխատեն: Քննարկվում է նաև մայրաքաղաքին բեռնատարների հասցրած վնասը նվազագույնի հասցնելու հարցը: Արեյանը հիշեցրեց՝ Կառավարության որոշում կա, որով հաստատված է բեռների փոխադրման կարգը մարզից մարզ, ու այդ բեռները պետք է կշռվեն:
Որոշումը, սակայն, անտեսվել ու մոռացվել է: Տեսչական մարմինների հետ քննարկում կլինի՝ Երևանում այդ խնդիրը վերահսկելի դարձնելու համար:
Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափը ևս նախատեսվում է մեծացնել: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթը առաջիկայում շրջանառության կդրվի: Գործակարգավարական խորհրդակցությունն ավարտվեց նոր հանձնարարականներով, որոնք բխում էին անցած շաբաթ քաղաքապետի կատարած շրջայցից ու նկատված խնդիրներից՝ ոռոգման համակարգից, այգու բարեկարգումից մինչև նոր ճանապարհների կառուցում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան