Բանակային միջազգային 8-րդ խաղերն այս տարի անցկացվեցին միաժամանակ 30 հրաձգարաններում և չորս ծովերի ջրային տարածքներում: 12 պետություններ, որոնք գտնվում են երեք մայրցամաքների տարածքում, ընդունեցին դաշտային և ծովային վարժանքների 34 մրցույթ:
Բանակային խաղերին մասնակցեց ավելի քան 260 թիմ՝ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և առաջին անգամ՝ Հարավային Ամերիկայի 34 երկրից: Ամենաներկայացուցչական թիմերն էին Բելառուսի, Ուզբեկստանի, Իրանի, Հայաստանի ու Չինաստանի կազմերը։ Մասնակիցների ընդհանուր թիվն ավելի քան 4 հազար էր։ Առաջին անգամ ռազմական մասնագետների մրցումներին մասնակցեցին Բոլիվիան և Ռուանդան։
Բանակային խաղերն իսկական տոն դարձան ռազմական տեխնիկայի և մրցակցության երկրպագուների համար: Վեց տարվա ընթացքում խաղերը հասցրել են աշխարհում հայտնի թրենդ դառնալ։ Մրցույթի շրջանակում ամենահայտնիներից է տանկային բիաթլոնը, հմուտ պայմանագրայինների հետ այս տարի մրցեց նաև Հայաստանի զինված ուժերի ժամկետայինների տանկային անձնակազմը:
Տղաները ծառայել են առնվազն մեկ տարի: Ժամկետային զինծառայող Վահե Օհանյանը նշում է՝ 4 ամիս պատրաստվել են մրցաշարին, հաղթահարել են տարատեսակ արգելքներ, բուն մրցույթին՝ օձաձև, ջրային արգելքները, հակատանկային փոսը, հաղթահարել են այնպիսի արգելքներ, որոնց հնարավորությունը չէր լինի ծառայության ընթացքում:
Վահե Օհանյան (տանկային բիաթլոնի մասնակից) - Մասնակցել ենք միջազգային խաղերի, ձեռք ենք բերել հմուտ ղեկավարման, կրակելու փորձ: Բոլորս ժամկետային զինծառայողներ էինք, մնացածը հմուտ 9 տարվա փորձ ունեցողներ էին: Ձեռք ենք բերել փորձ, վստահ եմ, որ հետագա մրցույթներին ավելի լավ արդյունքներ կգրանցենք:
Արմեն Ֆերոյան (տանկային բիաթլոնի հայկական թիմի ղեկավար) - Յուրաքանչյուր տարի մենք մասնակցում ենք տանկային բիաթլոն մրցմանը՝ ավանդաբար ժամկետայիններով, դա մեզ տալիս է փորձ հետագայում դրանք կիրառելու զինված ուժերում: Անձնակազմը մասնակցել է պատվով՝ հաշվի առնելով, որ տանկային ստորաբաժանումների հետ են մրցել:
Հրետանու կրակի վարպետ, որս բազեով, միջօրեական. ՀՀ ԶՈՒ թիմը ակտիվ մասնակցություն է ունեցել տարաբնույթ մրցաձևերում:
Գագիկ Գևորգյան (ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ) - Մեր ՀՀ թիմը մասնակցել է 13 մրցաձևում, որոնցից մեկը անցկացվել է ՀՀ-ում՝ խաղաղության մարտիկը: Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանը գրավել է 19-րդ հորիզոնականը:
Ավանդույթի համաձայն՝ բանակային միջազգային խաղերն ավարտվում են տանկային բիաթլոնի եզրափակիչ փոխանցավազքով: Բանակ-2022-ի ընդհանուր հաշվարկում առաջատարը Ռուսաստանն է, երկրորդ տեղում Բելառուսն է, երրորդում՝ Ուզբեկստանը:
Փակման արարողությունը «Պատրիոտ» Կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում էր՝ մասնակից երկրների ռազմական գերատեսչությունների թիմերի ներկայացուցիչների և ղեկավարության մասնակցությամբ: Մասնակցում էր նաև աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցի շրջանակներում հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում արձանագրված զարգացումները և այս պահին տիրող իրադրությունը:
Էդվարդ Ասրյան (ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ) - Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը եղել է, կա ու կլինի մեր երկու պետությունների ռազմական ոլորտում: Գնահատում եմ հանդիպումը ռազմական համագործակցության ոլորտում որպես կայացած, որովհետև մենք քննարկել ենք ռազմական համագործակցության շրջանակներում և տարածքային անվտանգության հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Գլխավոր շտաբի պետը բարձր գնահատեց բանակային միջազգային խաղերին Հայաստանի զինված ուժերի մասնակցությունը՝ փորձի փոխանակման, նաև նոր գործընկերային կապեր հաստատելու առումով:
Էդվարդ Ասրյան - Հայաստանը ներկայացնելով խաղերին մեր բանակի պրոֆեսիոնալներին՝ ցույց է տալիս մեր բանակի պատրաստվածությունը, մարտունակությունը: Մրցաձևերում մեր ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները ձեռք են բերում տոկունություն, իրենց մասնագիտություններն են կատարելագործում, ինչը մեզ հետագայում պետք կլինի հետագա գործողությունների ընթացքում:
Էդվարդ Ասրյանն այցելեց նաև Ալաբինո զորավարժարանի տարածքում բացված «Բարեկամության տուն», որտեղ իրենց մշակութային տաղավարներն էին ներկայացնում միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայկական տաղավարում ծանոթացավ Հայաստանի կայացման ու զարգացման մասին պատմող ցուցանմուշներին:
Հեղինակ՝ Մերի Եգորյան