Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Շիրակի մարզով անցնող մոտ 15 կմ երկարությամբ ճանապարհին այս պահին կատարվում են հին պատվածքի քանդում և հողային աշխատանքներ։
Շուրջ 4 մլրդ դրամ արժողությամբ պետական ծրագրի կատարման ընթացքին հետևել են Շիրակի մարզպետն ու մարզի ճանապարհաշինության վարչության մասնագետները։
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Գյումրի-Իսահակյան ճանապարհը մեծ նշանակություն ունի ոչ միայն նրա համար, որ հանրապետական նշանակության ճանապարհ է, այլ նաև այս հատվածի մի շարք բնակավայրերը կապող ճանապարհ է, ըստ էության, ճանապարհի վերանորոգումը հնարավորություն կտա ժամանակ և ռեսուրսներ խնայել, գյուղի կյանքի զգալի բարելավում է:
Հիմնանորոգվող ճանապարհը կապում է Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր։
Նախատեսում են հիմնանորոգել երթևեկելի մասը՝ տեղադրելով ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն նաև ուղեանցներն ու կամուրջները։ Գյումրի-Իսահակյան ճանապարհի կառուցումը մեկնարկել է վատթարագույն հատվածից՝ Բագրավանի տարածքից:
Ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 800 մլն է, Կառավարությունն արդեն մոտ 1 մլրդ 997 մլն դրամը հատկացրել է։
Ավելի քան 300 մլն դրամ էլ հատկացվել է դեպի Երերույքի տաճար հանրապետական նշանակության ճանապարհի 2.7 կմ-անոց հատվածի հիմնանորոգման համար։
Նազելի Բաղդասարյան - Ամբողջն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, և մենք հետևողական ենք լինելու, որ բյուջեի միջոցները նպատակային ու առանց թերացումների ծախսվեն։ Ընդհանուր առմամբ ես ուզում եմ նշել, որ Անիի տարածաշրջանի այս հատվածները և, առավելապես, բնակավայրերը ամենաաղքատն են մարզում և ուշադրության կարիք ունեն:
Տարածաշրջանի համար ևս երկու ծրագիր է ներկայացվել որպես անհետաձգելի: Առաջինը Բագրավանի դպրոցի վերակառուցման հարցն է:
Բագրավանի դպրոցի ու Անի Պեմզա համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման ծրագրերին գործադիրը նախնական հավանություն տվել է: