«ՏՎԷԼ» ԲԸ-ն ու «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն ստորագրել են ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիր։ Մատակարարումը կիրականացվի 2022 թվականի 4-րդ եռամսյակում, ինչը թույլ կտա ամբողջովին, լիովին բավարարել թարմ միջուկային վառելիքով ապահովելու՝ Հայկական ԱԷԿ-ի ընթացիկ պահանջները։
Հայաստանում գործող 448.25 մգվտ․ հզորությամբ միակ էներգաբլոկի համար մատակարարվում է ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված՝ մեքենաշինական գործարանի (МСЗ ԲԸ «Ռոսատոմ» վառելիքային ընկերության ձեռնարկություն, ք․ Էլեկտրոստալ) արտադրության, թրթռակայուն վառելիք։
Մեծամորի հայկական ԱԷԿ-ը ավանդաբար համարվում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ 2021 թ. կայանն արտադրել է ավելի քան 2 միլիարդ կվտ-ժամ էլեկտրաէներգիա՝ ապահովելով ազգային էներգահամակարգի արտադրած ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ քառորդը։ 2022 թ. առաջին կիսամյակում ատոմային էներգաբլոկը արտադրել է 0.92 միլիարդ կվտ-ժամ։
«Մեծամորի ԱԷԿ-ի պատմության ամբողջ ընթացքում մեքենաշինական գործարանը, ТВЭЛ վառելիքային ընկերությունը և «Ռոսատոմ» պետկորպորացիան մնացել են հայաստանյան էներգետիկների հուսալի գործընկերները։ Մինչև գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը մենք կշարունակենք Հայկական ԱԷԿ-ի միջուկային վառելիքի կայուն ապահովումը՝ առավելագույնս հաշվի առնելով պատվիրատուի պահանջներն ու ցանկությունները»,- նշել է ТВЭЛ ԲԸ կոմերցիայի և միջազգային բիզնեսի գծով փոխնախագահ Օլեգ Գրիգորևը։
2021 թ. վերջին կայանում ավարտվեց գործող էներգաբլոկի արդիականացման զանգվածային նախագիծը, ինչի շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը 2026 թվականից հետո կարող է երկարաձգվել ևս 10 տարով։ Նախագծի իրականացման առանցքային կապալառուն «Ռոսատոմ» պետկորպորացիայի «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն է։
«Ներկայում քննարկվում են էներգաբլոկի շահագործման ժամկետը 2026 թվականից հետո ևս 10 տարով երկարաձգելու հայեցակարգն ու ծրագիրը։ Արդեն նախատեսված են միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն «Ռոսատոմի» հետ համատեղ ու հնարավորություն կտան էլ ավելի բարձրացնել էլեկտրակայանի անվտանգության մակարդակը։ Բացի այդ, օրակարգում է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ հերթի շինարարության կառուցման հարցը»,- ասել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։