Առաջին ալիքը ընտրում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան ներկայացուցչին։ Մեր պատվիրակի ներքին ընտրությունն է: Հայտ ներկայացրած և ընտրված մասնակիցները լսումների փուլին ներկայացնում են երկու երգի կենդանի կատարում։
Դավիթ Ծերունյան («Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար) - Լսումների փուլի համար մենք ստացել ենք 100-ից ավելի հայտ, մասնագետների օգնությամբ առանձնացրել ենք այն 30-ը, որոնց այս օրերին դիտարկում են լայֆ-կենդանի կատարմամբ։
9-14 տարեկան մասնակիցները տարբեր ոճի երգերով են ներկայանում, պատմում իրենց երազանքների մասին, որոնցից գլխավորը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելն է։
Վարդան Մարգարյան - Ես դրան ավելի շատ մոտենում եմ նպատակի, քան թե երազանքի։ Փորձում եմ ամեն ինչ անել, որ հասնեմ իմ երազանքին։
Գագիկ Ավետիսյան - Երգում եմ մանկապարտեզի տարիքից՝ 3-4 տարեկանից։ Հաճախել եմ երգի դասընթացների, եթե չեմ սխալվում՝ 8 տարեկանից։
Ժյուրիի կազմում են նաև «Եվրատեսիլին» մասնակցած երգիչները:
Ռոզա Լին («Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ) - Շատ հետաքրքիր երեխաներ կան։ Արդեն ունեմ իմ ֆավորիտներին։ Կհամընկնի, չի համընկնի մնացած ժյուրիների հետ՝ չգիտեմ։ Ես ամենաշատը կարևորում եմ ձայնը ու թե ինչ էներգիա եմ ստանում մասնակիցներից։
Դալիթա («Մանկական Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ) - Շատ համարձակ են եղել մասնակիցները։ Ուրախ եմ, որ ունենք նման տաղանդավոր սերունդ, տաղանդավոր երիտասարդներ:
Մրցույթի արդյունքում շուտով հայտնի կլինի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը։ Այնուհետև Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը մասնակցի համար կգրի երգ, կնկարահանի տեսահոլովակ։ Հենց այդ երգով էլ նա կներկայանա Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին»։
Այս տարի «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Երևանում՝ 2021 թվականին Մալենայի հաղթանակի շնորհիվ։ Մայրաքաղաքը երաժշտական հայտնի միջազգային մրցույթը կհյուրընկալի երկրորդ անգամ։
Հեղինակ՝ Անի Ավագյան