ԵԱՀԿ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌԻՔԵՐԻՆ
ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը շնորհավորել է Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու կապակցությամբ:
«Շնորհավորում ենք Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելու առիթով»,- ասված է ներկայացուցչության Թվիթերի միկրոբլոգում:
Ռիքերը հանդես կգա նաև որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։
ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Ղազախստանի իշխանությունները որոշում են կայացրել մինչև 2023 թվականի օգոստոսի վերջ դադարեցնել զենքի, ռազմական տեխնիկայի և արտադրանքի արտահանումը՝ ասված է վարչապետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ. որոշման պատճառները չեն նշվում։
Ավելի վաղ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մտահոգություն էր հայտնել, որ ղազախական զենքը կարող է կիրառվել տարածաշրջանային ռազմական հակամարտություններում:
ԻՐԱՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ
Թեհրանն ուսումնասիրում է Իրանի միջուկային գործարքը վերականգնելու վերաբերյալ համաձայնագրի նախագծին Վաշինգտոնի պատասխանը՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հավելել՝ Իրանը դրա վերաբերյալ իր կարծիքը կհայտնի փորձագիտական մի շարք քննարկումներից հետո։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, իր հերթին, նշել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է՝ միջուկային զենքը տեղ չունի Իրանի պաշտպանական օրակարգում: Նա հավատացրել է, որ Թեհրանի ներկայությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է։
Ռայիսին անդրադարձել է նաև Իրանի միջուկային գործարքի վերականգնման վերաբերյալ Իսրայելի մոտեցմանը.
«Իսրայելը ի սկզբանե դեմ է եղել դրան, սակայն մեզ ոչինչ չի կանգնեցնի»,- զգուշացրել է նա:
Մինչ այդ Իսրայելի պաշտպանության բանակին և Մոսադին հանձնարարվել է պատրաստվել՝ հակազդելու Իրանի հնարավոր գործողություններին։ Վարչապետ Յաիր Լապիդը վստահեցրել է՝ Իսրայելը կպաշտպանի իր անվտանգությունը։
«Իսրայելը դեմ է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ներկայիս տեսքով վերականգնմանը։ Դա վատ համաձայնագիր է, այն վատն էր նաև 2015 թվականին. այսօր դրանից բխող վտանգներն ավելի են շատացել»,- ասել է Լապիդը, մտահոգություն հայտնել, որ համաձայնագրի կնքումն արդեն եզրափակիչ փուլում է։
Նախարարը նաև հավատացրել է՝ չնայած ամեն ինչին, Իսրայելը չի ցանկանում վնասել ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունները։
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԽՈՐԱՊԵՍ ԲԱՐԵՓՈԽԵԼ ԵՄ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՆ. ՄԱԿՐՈՆ
Անհրաժեշտ է ուժեղացնել Եվրոպայի էներգետիկ ինքնիշխանությունը և խորապես բարեփոխել ԵՄ էներգետիկ շուկան՝ հայտարարել է Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ Փարիզը հույս ունի քննարկել այդ հարցը, ինչպես նաև «եվրոպական քաղաքական համայնքի» ստեղծման նախագիծը օգոստոսի 30-ին Պրահայում Եվրամիության ոչ պաշտոնական հանդիպմանը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն աջակցություն է հայտնել Մակրոնի գաղափարին, նշել՝ եվրոպական քաղաքական համայնքը թույլ կտա ԵՄ երկրներին ավելի սերտ երկխոսության մեջ մտնել Միության տարածքից դուրս գործընկերների հետ։