Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները բացահայտ արհամարհել են կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը, ինչը, նրա կարծիքով, պետք է գնահատել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում։ Հաջիևը նաև ընդգծել էր, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որևէ ներդրում չեն ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։
«Միացյալ Նահանգները կարծում է, որ մշտական երկխոսության, փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, կարող ենք անել հնարավորը՝ օգնելու հասնել կայուն և համապարփակ խաղաղության։ Չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան Վաշինգտոնը։ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելել են և այցելում են Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
Ավելի վաղ Բաքվից հնչող հայտարարություններին արձագանքել էր նաև ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը՝ հիշեցրել, որ Մինսկի խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի Հարավային Կովկասում, ի վերջո, կայունություն հաստատվի: